Լրահոս

30.06.2009 16:21


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Պարի պետական անսամբլի կոլեկտիվին

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգները միշտ էլ տոն են եղել մեզ համար, բեմադրական վարպետության և կատարողական արվեստի չափ ու չափանիշ, որը մշտապես հիացրել է արվեստասեր հանրությանը։ Անսամբլի 50-ամյա ճանապարհը նշանավորվել է այն բոլոր հնարավոր ձեռքբերումներով, որոնց կարող են հավակնել միայն ամենաբարձրակարգ պարախմբերը։ Այդ ճանպարհը մեր ազգային պարարվեստի համբավավոր դպրոցի վերջին 50 տարիների տարեգրություն է, որը ոչ թե ձգտել է հավասարվել աշխարհի հեղինակավոր պարախմբերին, այլ ընթացել է նրանց զուգահեռ։
Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի բարի համբավը հյուսվել ու ամբողջացել է տասնամյակների ընթացքում, իսկ այդ համբավի կերտողները եղել են պարարվեստի մեր լավագույն երախտավորները, որոնց շնորհիվ անսամբլը մեզ համար դարձավ ազգային արժեք ու հպարտություն՝ աշխարհով մեկ տարածելով հայ պարարվեստի փառքը։ Անսամբլը տարբեր տարիների ղեկավարած մեր խոշորագույն վարպետների վաստակը մեծապես պարտավորեցնում է անսամբլի ներկայիս կազմին, որովհետև պարարվեստի առաջնակարգ գործիչներ ունեցող ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն արժանի պարախմբեր։
Հոբելյանի առթիվ սիրով շնորհավորում եմ Հայաստանի պարի պետական անսամբլին, մաղթում ստեղծագործական երկար ու արգասավոր ճանապարհ։

Այս խորագրի վերջին նյութերը