Մեկնաբանություն

08.04.2013 01:02


Ապրիլի 9–ին լինելու եմ հրապարակում ոչ թե Րաֆֆու, այլ Սաշիկի համար

Ապրիլի 9–ին լինելու եմ հրապարակում ոչ թե Րաֆֆու, այլ Սաշիկի համար

Ապրիլի 9-ին ես նույնպես լինելու եմ հրապարակում: Գնալու եմ այնտեղ, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, և չեմ էլ ուզում որեւէ մեկը գա Րաֆֆիի համար, քանի որ Րաֆֆին էլ չի գալիս իր համար, և ինքն էլ չգիտի, թե ինչի համար է գալիս:

Ես գնալու եմ Սաշիկ Սարգսյանի համար: Գնալու եմ, որ Սաշիկ Սարգսյանին օգնեմ հասկանալ ու հասկանալուց հետո եղբորը համոզել, որ նախագահը պետք է Լիսկային ու ևս չորս մարզպետի գործից հանի ու Րաֆֆու միջոցով նոր մարզպետ նշանակելու հնարավորություն ստանա։ Գնալու եմ, որ Սաշիկին պարզ դառնա, որ Րաֆֆուց անշառ ընդդիմություն չկա, իսկ պաշտոններ նա ուզում է, որպեսզի կարողանա ընթացիկ սոցիալ–տնտեսական խնդիրները լուծել։

Գնալու եմ, որ Սաշիկ Սարգսյանը հասկանա, որ նախարարի պաշտոն ուզելը դեռ կոալիցիա մտնել չէ, իսկ «ազատամարտի ռահվիրայի» եղբայր լինելը դեռ իշխանության «ողջախոհ» երիտթևին պատկանելու երաշխիք չէ։

Գնալու եմ, որ Սաշիկ Սարգսյանին համոզեմ, որ «Ժառանգությունը» Րաֆֆինացված ՕԵԿ է և պատրաստ է թուղթ ու գրիչը վերցրած գալ ուր որ հարկն է, միայն թե «ժողովրդի» հետ կիսեք իշխանությունը։

Գնալու եմ, որ Սաշիկ Սարգսյանին օգնեմ հասկանալ, որ ինքը չպետք է երկրի դժգոհության մասին դատի հաշվելով, թե քանի մարդ է դուրս եկել փողոց և քանի մարդ է «on line» հետևելով հանրահավաքներին՝ «տժժում» Րաֆֆու վրա։

Գնալու եմ, որ Սաշիկը հասկանա, որ փողով, վախով և «խփելով» ընդդիմադիր գործիչը թանաքի պես բան է ու լուսաբացի հետ հօդս կցնդի եթե տիրություն չանեն (մենակ Աշոտյանի օգնելով բան դուրս չի գա)։

Լինելու եմ այնտեղ, որ Սաշիկ Սարգսյանը իմանա, որ իր եղբայրը աթոռին կմնա, քանի դեռ Րաֆֆին է «ընդդիմության առաջնորդ» աշխատում: Որ հայրենասեր լինելը Հիսուսի խաչելության և թաղման հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելն է, որ հայրենասեր լինելը «թույն» ստատուսներ գրելն է և հանրահավաքի ժամանակ «Հայաստան» վանկարկելը: Որ Սաշիկ Սարգսյանն իմանա՝ լավ տղեն միայն «Զորավարը» չէ, որ իմանա կռված տղերքը կռվել են, որպեսզի երիտօլիգարխիան ամբողջ տնտեսությունը սեփականաշնորհի ու մի քիչ էլ «Բարևին» փայ հանի։ Գնում եմ, որ Հայաստանում տասը միլիարդատիրոջ փոխարեն միայն մեկը մնա միլիարդատեր, իսկ Րաֆֆին էլ կցվի այդ միլիարդատիրոջն ու մարդա մեկի հետ հետագայում հայտնվի դժոխքում։

Գնալու եմ, որ Սաշիկն իմանա՝ մերոնք կռվում նրա համար են հաղթել, որ Հայը Հայաստանը, ընտանիքը թողնի ու գնա Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհում» համբալություն անելու։

Գնալու եմ, որովհետև Սաշիկի հետ ոչ ֆորմալ կոալիցիա եմ ուզում, «ողջախոհ» և հայրենասեր երիտթևին ծառայել եմ ուզում, ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել եմ ուզում։ Ուզում եմ, ի՞նչ կարող եմ անել։

Եվ վերջապես, գնալու եմ կանգնեմ ու Սաշիկի ախպոր թիկունքը պահեմ։ Հաստատ գնալու եմ։

Սաշի՛կ, իսկ դու գալո՞ւ ես։ Արի՛, մենք բարի շարժում ենք։ Համ էլ ձերոնքական ենք։ Արի՛։ Րաֆֆին ահագին կուրախանա, դու մենակ թե արի։

Անտիդյուրինգ

Այս խորագրի վերջին նյութերը