Լրահոս

01.07.2009 18:20


Տիգրան Սարգսյան. «Կառավարության ջանքերն ուղղված են աջակցելու շինարարներին` գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր նախկին ծավալները»

Տիգրան Սարգսյան. «Կառավարության ջանքերն ուղղված են աջակցելու շինարարներին` գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր նախկին ծավալները»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և «Էլիտ գրուպ» ընկերության միջև միջնաժամկետ փոխառության պայմանագրի ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում։
Կառուցապատման ոլորտում առաջատար հանդիսացող «Էլիտ գրուպ» ընկերությանը պայմանագրով կտրամադրվի 5,5 միլիոն ԱՄՆ դոլար վարկ և 130 հազար եվրո դրամաշնորհ' էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար։
«Այս պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի այն առումով, որ ՎԶԵԲ-ը վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ է Հայաստանին տրամադրում ֆինանսական միջոցներ։ Նախորդը աննախադեպ մեծ ծավալի վարկ էր, որ բանկը տրամադրեց Հայաստանի էներգետիկայի ոլորտին, իսկ այսօր 5.5 մլն դոլար վարկ է տրամադում Հայաստանի լավագույն կառուցապատողին։ Վերջերս կառավարությունը որոշում է ընդունել և նույն կառուցապատողին տրամադրել վարկային միջոցներ ստանալու պետական երաշխիք։ Դա այն ծրագրի շրջանակում է, որի նպատակն է օժանդակել կառուցապատողներին։ Ինչպես հայտնի է շինարարությունը վերջին հինգ ամսվա ընթացքում արձանագրելով մեծ անկում՝ էական ազդեցություն է թողնում տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Կառավարության ջանքերն ուղղված են աջակցելու շինարարներին' գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր նախկին ծավալները։ Մի կողմից անհրաժեշտ է, որպեսզի պետության աջակցությունը լինի վարկային միջոցներ ներգրավելու առումով, մյուս կողմից վստահությունը, որ կա մեր կառուցապատողների նկատմամբ, իր հերթին, պետք է տարածվի մասնավոր հատվածի վրա, որպեսզի այն նույնպես կատարի իր ներդրումները։ Այս պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ տրամադրվող վարկային միջոցներն ունեն գրանտային բաղադրիչ, քանի որ «Էլիտ գրուպը» նաև ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում և այդ գրանտային բաղադրիչը կարևոր տեղ է գրավում վարկային փաթեթի մեջ»,- ասել է Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմանագիրը կօգնի մեղմել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքները։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը