Լրահոս

19.04.2013 10:16


Միջազգային իրավաբանները քննարկում են Հայաստանի զբոսաշրջության օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ չափանիշների հետ

Միջազգային իրավաբանները քննարկում են Հայաստանի զբոսաշրջության օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ չափանիշների հետ

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբաններիմիջազգային ֆորումը (IFTTA): Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև IFTTA-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը: Համաժողովին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստանի մայրաքաղաք են ժամանել զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ, այդ թվում փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում: Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն զբոսաշրջության զարգացմանը, պլանավորմանը, մրցակցությանը, սպառողների պաշտպանությանը, օրենքների ներդաշնակեցմանը և համապատասխանեցմանը, ուղևորների իրավունքներին և այլընտրանքային վեճերի լուծմանը վերաբերող հարցեր: Համաժողովի արդյունքում հայաստանյան գործընկերները կմշակեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավանորմատիվային դաշտի բարեփոխման և արդիականացման գործողությունների ընդհանուր պլան:

Այս խորագրի վերջին նյութերը