Լրահոս

19.04.2013 10:20


Վլադիմիր Գասպարյանը գիտեր, որ Երևանի նախկին ոստիկանապետը բիզնես է ունեցել

Վլադիմիր Գասպարյանը գիտեր, որ Երևանի նախկին ոստիկանապետը բիզնես է ունեցել

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով վերջին օրերի պաշտոնանկությունների մասին հարցին, ասել է. «Ոստիկանությունը առողջ շնչով կազմակերպություն է, և այստեղ չեն կարող փոփոխություններ չլինել: Մարդը երբ երկար ժամանակ ինչ-որ տարածքում գործունեություն է ծավալում, որոշակի կախվածություն է ունենում, և այն, ինչ կնկատի ուրիշ աչքը, սովոր աչքը սկսում է չնկատել: Դա մեր աշխատանքի ձևն է»։
Անդրադառնալով Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությանը՝ ոստիկանապետն ասել է, թե իրեն հայտնի է եղել, որ Նազարյանը բիզնես է ունեցել: «Ես օրենքի մարդ եմ՝ բիզնեսը իր անձի վրա ձևակերպված չի, և ես հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է, բայց մարդկային առումով... հո ես ինքս ինձ չեմ խաբի: Իհարկե, դա էլ կա: Պետք է կողմնորոշվել կամ՝ կամ: Ով էլ լինի, տասը տարին երկար ժամկետ է: Աչքը սովորում է, սովորական է դառնում: Չի կարելի ոստիկանությունում սովորականը հանդուրժել»:
Հարցին, թե ինչո՞ւ է Երևանի ոստիկանապետ նշանակվել Աշոտ Կարապետյանը, ով ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի՝ խոշտանգել է 2004-ի ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին, ոստիկանապետը պատասխանել է հարցով. «Կարծում եք՝ ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել և ինքս ինձ հակասե՞լ: Մտածում եք, որ ես առանց քննելու, առանց հասկանալու, սենց ինչ-որ որոշո՞ւմ կայացնեմ։ Ես շատ լուրջ եմ մոտենում իմ պաշտոնին, մեծ գերատեսչության ղեկավար եմ: Ես չեմ կարող թեթևամիտ որոշում կայացնել, ցանկության դեպքում նույնիսկ: Չի կարող խոսքը հակասել արած գործին: Իհարկե մաքուր է, իհարկե նման բան չկա, իհարկե ստուգվել է»:

Այս խորագրի վերջին նյութերը