Լրահոս

02.07.2009 18:37


Աբովյան փողոցում ոստիկան են ծեծել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հուլիսի 1-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի մի քանի աշխատակից Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս թիվ 21 շենքի դիմաց նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների: Մոտենալով նրանց՝ ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց:
Ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, և դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի:
Միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 21.15-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սահակ Մ.-ն, Հերբերդ Գ.-ն և Տիգրան Ա.-ն և բուժօգնություն ստանալով՝  հեռացել են հիվանդանոցից:
Պարզվել է, որ նրանք ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տվող անձինք են եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը