Լրահոս

23.04.2013 10:18


Պարզաբանում. ՀՀ ոստիկանության Ախուրյանի հերթապահ մասի ՁՊՎ-ի 2 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի

Պարզաբանում. ՀՀ ոստիկանության Ախուրյանի հերթապահ մասի ՁՊՎ-ի 2 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի

«Իրավունք» օրաթերթի` 2013թ. ապրիլի 19-ի համարում հրապարակվել է հոդված` «Կալանավայրում մարդասպանը գտնվում է վերին աստիճանի արտոնյալ պայմաններում» վերտառությամբ, որտեղ 2012թ. ապրիլի 12-ին սպանված Կ. Եսայանի ծնողները` Ռ. Եսայանը և Ա. Իսկանդարյանը, ահազանգել են իրենց որդու սպանության մեջ մեղադրվող Հ. Սարգսյանի` ՁՊՎ-ում արտոնյալ վիճակում գտնվելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի ուղեկցությամբ ապրիլի 4-ին ՁՊՎ այցելության ժամանակ` ձերբակալված անձանց պահելու պայմանների օրինականությունը ստուգելու ընթացքում, արձանագրել է, որ խցերից մեկի դուռը բաց է:

Մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:

Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ. Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ. Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի` այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ. Կարապետյանը և ոստիկանության սերժանտ Ռ. Հովհաննիսյանը:

Նշված օրը` ժամը 22:50-ի սահմաններում, Հ. Կարապետյանը և Ռ. Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ. Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ և 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի` 2013թ. թիվ 36-Ա հրամանի` Հ. Կարապետյանին և Ռ. Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը