Լրահոս

30.04.2013 16:43


Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին այսօր Երեւանում ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվեցին համագործակցել անդրազգային հանցավորության դեմ պայքարում, ըստ անհրաժեշտության միմյանց ցուցաբերել իրավական օգնություն։

Մինչ այժմ երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունն իրականացվել է դիվանագիտական ճանապարհով, որին մեծապես աջակցել է նաեւ Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը։ Հուշագրի ստորագրմամբ, կողմերն այսուհետ կարող են հաղորդակցվել անմիջականորեն, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ եւ արդյունավետ արձագանքել առանձին քրեական գործերով իրավական օգնության հարցումներին։ 

Մինչ Հուշագրի ստորագրումը՝ Ա.Հովսեփյանն ընդունել էր ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը, ապա նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր՝ նախանշելով դրանք զարգացնելու հնարավոր ուղիները։ 

Գլխավոր դատախազները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակն ընդհանրապես եւ արձանագրելով, որ տնտեսական համագործակցությունը, զբոսաշրջությունը վերջին տարիներին էապես զարգացել է, մեծացել են ապրանքաշրջանառության ծավալները, որպիսի պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` դատախազությունների, իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունն զարգացնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը