Լրահոս

30.04.2013 17:35


Վարդան Օսկանյան. «Մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն լինի»

Վարդան Օսկանյան. «Մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն լինի»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը հայտարարել է՝ Երևանն այնքան փոքր է, որ չի կարող նրա մի մասը գերեզմանոց լինել, մյուս մասը`աղբավայր։

Օսկանյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանի ներսում պետք է հակակշիռ լինի։

–Այս մի քանի ուժերով մենք կարող ենք ստեղծել քաղաքական մենաշնորհ հանդիսացող Հանրապետական կուսակցության հակակշիռը,–ասել է նա՝ նկատի ունենալով բանավեճին ներկա ոչիշխանական ուժերին,–մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն լինի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս բանավեճը մեկնարկել էր ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների բացակայությամբ: Ավելի ուշ ժամանել էր ՕԵԿ–ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Այս կապակացությամբ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը նկատել է, որ ՀՀԿ–ն բանավեճին չի մասնակցում, որովհետև պատրաստվում է ոչ թե վերընտրվել, այլ վերարտադրվել:

Նա նույնպես կարևորել է քաղաքական հակակշռի ստեղծումը։

–Այսօր քաղաքապետը իրավունք չունի ինքնուրույն քայլեր անելու։ ՀՀԿ-ն ինչ ասի, նա էլ կանի։ Տարոն Մարգարյանը ենթարկվում է իրեն ազատող-նշանակողին, այլ ոչ ժողովրդին,-ընդգծել է Ա. Ռուստամյանը,–քաղաքապետարանում պետք է հակակշիռ ձևավորվի։ Կարող ենք ավագանիում ոչիշխանական ուժերի ձայները գումարել, և մեր միջից առաջադրել ընդդիմադիր քաղաքապետ: Սա իրատեսական է։ Այսպիսով կարելի է այս ընտրությունները վերածել «ոչ»–ի հանրաքվեի:

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն էլ հայտարարել է, որ ՀՀԿ–ի համար աղբահանությունը բավականին գրավիչ բիզնես է՝ ատկատնելով լի:

–Եթե իշխանությունը վերարտադրվի, կնշանակի, որ մենք աղբի մեջ կորած ենք,–նշել է նա:

Բանավեճին ներկա «Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մեսրոպ Առաքելյանը ևս կարևորել է Երևանի բյուջեն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը