Լրահոս

02.05.2013 11:38


Նոր-Նորքում ՀՀԿ-ականները խոչընդոտել են Կոնգրեսի քարոզարշավը

Նոր-Նորքում ՀՀԿ-ականները խոչընդոտել են Կոնգրեսի քարոզարշավը

«ilur.am»–ը գրում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակում ընդգրկված Անահիտ Եղոյանը քիչ առաջ ահազանգեց, որ այսօր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում խոչընդոտել են իրենց քարոզչությունը: Նա տեղեկացրեց, որ սկզբում Նոր-Նորքի 5-րդ զանգվածի 36 եւ 26 շենքերի բակերում իրենց կողմից քարոզչանյութերի տարածմանը խոչընդոտել է մի կին, որը նրանց էր մոտեցել այդ շենքերի բակում եւ թույլ չէր տալիս բուկլետներ բաժանել: Երբ Անահիտ Եղոյանը կնոջն ասել է, որ եթե վերջինս չդադարի իր գործողությունները, ապա ինքը այդ մասին կտեղեկացնի լրագրողներին, կինն անհետացել է:

Որոշ ժամանակ անց, երբ տիկին Եղոյանը իր համախոհների հետ քարոզչանյութեր էր բաժանում 32 շենքի մոտ, նրան է մոտեցել ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ ոմն Արթուր, եւ հայտարարել, թե «ի՞նչ ես անում իմ տարածքում, կլինի՞՝ ճամփեմ-գնաս»: Տիկին Եղոյանը ստիպված է եղել այս անգամ էլ հիշեցնել, որ ինքը կարող է քարոզչություն իրականացնել որտեղ ցանկանա, եւ որ որեւէ մեկը ուղղակի չի կարող իր տարածքն ունենալ, քանի որ Նոր Նորքը բոլորինն է:

Դրանից հետո սույն ՀՀԿ-ական Արթուրը, (ի դեպ, տիկին Եղոյանը նշեց, որ ինքը վերջինիս դեմքով ճանաչում է, եւ որ նա Նոր Նորքի 5-րդ զանգվածի ՀՀԿ նախընտրական շտաբի պետն է) սկսել է մեքենայով հետեւել իրենց: Երբ Կոնգրեսի ներկայացուցիչները մտել են նույն թաղամասի 36 շենք, որպեսզի բնակիչներին քարոզչանյութեր բաժանեն, անջատել են վերելակը, (շենքը բարձրահարկ է), որից հետո մի քանի անգամ մոտեցել են բուկլետներ բաժանող անձանց եւ նրանց ձեռքից ուղղակի խլել քարոզչանյութերը: 

Այս խորագրի վերջին նյութերը