Լրահոս

02.05.2013 20:30


Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներակայացրեց «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եվ վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները

 

Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն (ՄԱԲՀ) անցկացրեց մամլո ասուլիս և համաժողով, որտեղ ներկայացրեց 2012-2013 թթ. «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եվ վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր խորքից դիտարկել նորածինների սեռերի համամասնության շեղումները Հայաստանում և կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետևանքների առումով: Այն, ՄԱԲՀ պատվերով, իրականացրել է Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դ-ր Քրիստոֆ Գիլմոտոն:

Մամլո ասուլիսի բանախոսներն էին դ-ր Քրիստոֆ Գիլմոտոն, ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն դ-ր Զահիդուլ Հյուքը և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրանց խոսքով, Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ 1990-ականներից և ներկայում կազմում է 114-115 տղա՝ 100 աղջկա դիմաց: Այն աշխարհում ամենաբարձրերից մեկն է և զիջում է միայն Չինաստանին (118) ու Ադրբեջանին (116):

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060 թ. կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) և, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2.6 միլիոն:

Ինչպես նշեցին բանախոսները, մեր երկրում 1996թ.-ից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկն արդեն կազմում է գրեթե 39.000: «Եթե չկարողանանք կասեցնել այս երևույթը, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի՝ 20-39 տարեկան տղամարդկանց մի մասը շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ և, կին չգտնելով, կա՛մ ստիպված է լինելու արտագաղթել կա՛մ էլ դրսից կին գտնել իր համար», - նշեց Գարիկ Հայրապետյանը:

Ասուլիսին հետևեց նորածինների սեռերի անհամամասնությանը նվիրված համաժողովը, որի մասնակիցներին ողջունեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և դ-ր Զահիդուլ Հյուքը:

Համաժողովին դ-ր Քրիստոֆ Գիլմոտոն ուսումնասիրությունը ներկայացրեց առավել խորությամբ: Հնչեցին նաև մի շարք բանախոսություններ, որոնց միջոցով երևույթը դիտարկվեց ժողովրդագրական, առողջապահական, սոցիոլոգիական, ինչպես նաև գենդերային տեսանկյունից:

Այս խորագրի վերջին նյութերը