Լրահոս

02.05.2013 15:43


iLur.am-ի լրագրողը պահանջում է իր դեմ հարձակման գործի քննությունը տեղափոխել ՀՔԾ

iLur.am-ի լրագրողը պահանջում է իր դեմ հարձակման գործի քննությունը տեղափոխել ՀՔԾ

iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով իր դեմ կատարված հարձակման փաստով գործի վարույթը տեղափոխել Հատուկ քննչական ծառայության վարույթ:

 Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել 164 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը: Այս հոդվածում ֆիզիկական բռնության մասին չի խոսվում: Մինչդեռ, Հակոբի վրա հարձակված ՀՀԿ-ական քարոզիչները՝ Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի գլխավորությամբ նրան մարմնական վնասվածք են հասցրել: Այսինքն՝ դեպքը պետք է քննվի 164-րդ հոդվածի 3-րդ մասով:

Պարոն գլխավոր դատախազ,

Ս/թ. ապրիլի 23-ի երեկոյան 17:30-ի սահմաններում մեկնել եմ Նոր Նորքի 7-րդ զանգված` լուսաբանելու տեղի բակերից մեկում կայանալիք` Երեւանի ավագանու ընտրությունների ՀՀԿ նախընտրական հանդիպումը: Հանդիպման մեկնարկից առաջ, երբ ես նկարահանումներ էի անում, մի խումբ անձինք բռնության սպառնալիքով պահանջել են դադարեցնել նկարահանումները: Չնայած իմ զգուշացումներին, որ լրագրող եմ եւ օրենքով ինձ թույլատրված գործողություն եմ իրականացնում, այն է` հանրային միջոցառում եմ նկարահանում, նշված անձինք շարունակել են սպառնալիքներ տեղալ եւ խոչընդոտել իմ գործողություններին: Այդ ընթացքում մի երիտասարդ (հետո պարզեցի, որ դա Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապայանն է) մոտեցավ, հարվածեց ինձ, մարմնական վնասվածք հասցրեց բերանիս շրջանում, իսկ նրան շրջապատողները մի քանի րոպե տեւած քաշքշուքի արդյունքում եւ խլեցին ձեռքիցս տեսախցիկը: (Դեպքի մանրամասն նկարագրությունը`http://hetq.am/arm/news/25903/lragroxi-nkatmamb-katarvatsi-hamar-miayn-kargapahakan-tuyzh.htmlհասցեում):

Նշեմ, որ ինձ վրա կատարված հարձակման ժամանակ տարածքը բավական մարդաշատ էր, իսկ բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա կանգնած ոստիկանության մայորը որեւէ միջամտություն ցույց չտվեց, չփորձեց կանխել միջադեպը: Տեսախցիկը խլելուց րոպեներ անց ինձ մոտեցավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Արմեն Հարությունյանը, խոստացավ, որ տեսախցիկս կվերադարձվի: Եվ իսկապես, տեսախցիկս քիչ անց վերադարձրին` ցելոֆանե տոպրակի մեջ փաթաթած, բոլոր փաստաթղթերը` ջնջված:

Ինձ վրա կատարված հարձակումից հետո շուրջ մեկ ժամ մնացել եմ դեպքի վայրում` փորձելով վերադարձված տեսախցիկով ֆիքսել ինձ հարվածողների, տեղում գտնվող ոստիկանության մայորի, տեսախցիկս վերադարձնող անձի դեմքերը:

Ոստիկանության տված ուղեգրի հիման վրա ապրիլի 24-ին դատաբժշկական փորձաքննություն եմ անցել: Ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր.օր 164-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Պարոն գլխավոր դատախազ,

 Իմ խորին համոզմամբ, իմ դեմ կատարված հարձակման գործով քննությունը պետք է տարվի 164-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է`  լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը:  

(Թեեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը գործին դեռ չի կցվել, բայց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օրերս հայտարարել է, որ «լրագրողին չէին ծեծել, այլ ձեռքից վերցրել էին տեսախցիկը, մաքրել և հետ էին վերադարձրել» http://www.galatv.am/news/view/vova-gasparyan_30043.html: Պնդում եմ, որ դեպքի ժամանակ ինձ մի քանի անգամ հարվածել են: Հարվածներից մեկի արդյունքում վնասվածք եմ ստացել վերին շրթունքիս աջ  հատվածում, որը նկատելի է նաեւ այժմ: Պատրաստ եմ կրկնակի փորձաքննության ներկայանալ):  

Բացի դրանից, կարծում եմ, որ այս դեպքում առկա է Քր.օր. 308 հոդվածի առաջին մասում նկարագրված`  պաշտոնատար անձի (ոստիկանության մայորի) կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու փաստը, ինչը էական վնաս է հասցրել իմ եւ ինձ լիազորած լրատվամիջոցի շահերին: Նշված քարոզչական հանդիպումը պաշտոնապես իրազեկված զանգվածային միջոցառում էր, եւ ոստիկանության պարտքն էր՝ պատշաճ կերպով հասարակական կարգը պահպանել, ինչը, փաստորեն չի արվել:

Նշեմ նաեւ, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, ապրիլի 25-ին որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին (մայորին)՝  նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիմք ընդունելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ ինձ մարմնական վնասվածք հասցրած Աշոտ Պապայանը տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել Նոր Նորք վարչական շրջանում եւ կարող է ազդեցություն ունենալ քննության անաչառության վրա, խնդրում եմ գործի քննությունը ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարույթից տեղափոխել Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հ.Գ. Ավելորդ չեմ համարում նշել, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որեւէ մեկին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն չի տարածել, մինչդեռ, կրկնեմ, իմ դեմ կատարված հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով` բազմամարդ վայրում: 

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով` Հակոբ Կարապետյան, լրագրող

Այս խորագրի վերջին նյութերը