Մեկնաբանություն

02.05.2013 19:36


Բարև Երևան, ցտեսություն Րաֆֆի

Բարև Երևան, ցտեսություն Րաֆֆի

Ապրիլի 30–ին կայացած ՀԱԿ հանրահավաքը ցույց տվեց, որ, մեղմ ասած, չափազանցված են այն խոսակցությունները, թե «Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններից հետո հայտնվել է տիտղոսային ընդդիմության կարգավիճակում, իսկ Րաֆֆին էլ դարձել է ընդդիմության առաջնորդը։ «Բարև Երևան» դաշինքի վերջին հանրահավաքն ասվածի վառ ապացույցն է։ Ներկա գտնվող լրագրողներին, օպերատորներին, արևածաղիկ վաճառելու հույսով եկածներին եթե հանեիր, ապա տակը գրեթե բան չէր մնա։ Անգամ Րաֆֆու տնեցիք ամբողջ կազմով ներկա չէին։

Ինչքան էլ խոսվի այն մասին, թե հանրահավաքի մասնակիցների քանակը կապ չունի, ֆլան, ֆստան, միևնույն է՝ դա այդպես չէ, մանավանդ ընտրական շրջանում։ Իսկ եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ մայրաքաղաքի ղեկավար մարմնի ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի լավ մեկնարկային պայմաններ ուներ, քան Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Դատելով ամենից՝ կարող ենք արձանագրել, որ Րաֆֆուն ընդդիմության առաջնորդ նշանակելու Բաղրամյան 26–ի ջանքերն ու վարչապետի ցանկությունը չիրականացան։ Ընդամենը երկու ամսում «Ժառանգության» առաջնորդը կարողացավ փոշիացնել հանգամանքների բերումով ստացած կես միլիոնից ավել ձայներն ու վերադառնալ ելման դիրքին։

Ապրիլի 9–ի շոուից հետո Րաֆֆու թիմի կազմակերպած երկու հանրահավաքները (ապրիլի 12–ին ու մայիսի 1–ին) պարզորոշ ցույց տվեցին, որ հանրությունն իր բացասական գնահատականը տվել է Րաֆֆու՝ դիակի մասին հայտարարությանը, Հիսուսի թաղման հիշատակը հարգելու կոչին, ծոմի վերածված «կեղծիքադուլին», առ «ազատամարտի ռահվիրան» ուղղված քծնանքին, «զորավարի» հետ մոմավառությանն ու «Րաֆֆինացված» ՕԵԿ–ությանը։ Պաշտոն ստանալու պահանջով հացադուլի նստած և Բաղրամյան 26–ի հետ «սիրային» նամակագրություն հաստատած «իրավատերը» հենց այդպիսի վերաբերմունքի էլ պետք է արժանանար։

Որքան էլ «Ժառանգությունում» հիմա փորձեն բացատրել, որ իրենց փոքրաթիվ ակտիվից բացի հանրահավաքներին այլ մարդկանց ներկայությունն ապահովել չկարողանալը մի դեպքում պայմանավորված էր անձրևային, իսկ մյուս դեպքում՝ արևային եղանակով, հասկանալի է, որ խեղկատակությունը մերժած հասարակական դիրքորոշման հետ բնությունը կապ չունի։

Լևոն Տեր–Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրար հետևից տեղի ունեցած հանրահավաքներն այնքան մեծ հակադրության մեջ էին ձևով, բովանդակությամբ և ծավալներով, որ կարելի է արձանագրել՝ Լևոնը Րաֆֆուն անվերադարձ տուն ուղարկեց և վերջնականապես տապալեց իշխանությունների ծրագրերը։

Առիթ ունեցել եմ գրելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է համեմատել ոչ թե ՀԱԿ առաջնորդի, այլ Արթուր Բաղդասարյանի հետ։ Ի դեպ, այդ համեմատության մեջ Րաֆֆին ՕԵԿ առաջնորդին տանուլ է տալիս, քանզի վերջինիս խնդրեցին, որպեսզի կոալիցիա մտցնեն, իսկ ահա Րաֆֆին ինքն էր գործող նախագահից խնդրում «ժողովրդի» անունից կոալիցիա մտցնել «Ժառանգությանն» ու ՀՀԿ–ի հետ միասնաբար մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց մերժում ստացավ, ու հիմա գեղամյանություն է անում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Մայիսի 5–ին Րաֆֆու երկարամյա «քաղաքական» գործունեության շրջանը կփակվի։ Ասենք օղորմի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ԲՀԿ հանրահավաքից հետո, ինչպես և սպասվում էր, իշխանության «ողջախոհ» երիտթևի տակ կքած ժառանգական մի քանի տղերք ու աղջկերք, «դհոլներ» ու «դհոլուհիներ» լցվեցին սոցիալական ցանցեր և սկսեցին գեղամյանություն անել ՀՀԿ–ի հիմնական մրցակից այդ ուժի դեմ։ Սրանց համար, թերևս, դաս չեղավ Րաֆֆու հետ պատահածը։ Փաստորեն, դիակ դառնալուց առաջ ժողգործիքություն անելը «ժառանգությունում» ընդունված երևույթ է։

Հ.Գ.-2։ Վաղը Ազատության հրապարակում հանրահավաք է անում նաև ՀՀԿ–ն։ Րաֆֆի Հովհաննիսյանի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում գնալ ու հացադուլի վայրում վերջապես հանդիպել Սերժ Սարգսյանին ու պահանջել «իրավատիրոջ» հանրահավաքներով հիացող Արմեն Աշոտյանի աթոռը։ Մնում է, որ «ազատամարտի ռահվիրան» գա «դեպքի վայր»։

Թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆին, դժվար է ասել։ Սերժ Սարգսյանին հանդիպելու նրա մանիակալ ցանկությունն այնքան մեծ է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Գնալու դեպքում Րաֆֆիին խորհուրդ կտանք ՀՀԿ–ի երիտասարդների բերած փուչիկները տեսնելիս հեռու մնալ։ Դրանք, որպես կանոն, էժանագին գազով են լցված լինում և ունեն պայթելու հատկություն այնպես, ինչպես ամիսներ առաջ արհեստականորեն վարկանիշ ձեռքբերած Րաֆֆին ինքը։

Այս խորագրի վերջին նյութերը