Մեկնաբանություն

03.05.2013 19:26


ՀՀԿ հանրահավաքը չեղյալ հայտարարելու հիմնական պատճառների մասին

ՀՀԿ հանրահավաքը չեղյալ հայտարարելու հիմնական պատճառների մասին

Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը կրկին չբերեց։ Նա այսօր կարող էր հերթական անգամ մոտիկից տեսնել իր սիրելի Սերժ Սարգսյանին, այն էլ՝ Ազատության հրապարակում և նույնիսկ բարև տալ նրան, բայց ՀՀԿ–ն չեղյալ հայտարարեց նախապես պլանավորած հանրահավաքը, և «իրավատերը» շարունակեց մնալ «ազտամարտի ռահվիրայի» նամակի հույսին։

Ուշագրավ է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՀԿ–ն հրաժարվում է Ազատության հրապարակում պլանավորած միջոցառումից։ Առաջինը նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո պետք է տեղի ունենար, բայց Րաֆֆին «փոզմիշ» արեց այն։

Դժվար է ասել, թե այս անգամ ով «ջրեց» տոկոս «խփողների» միջոցառումը, բայց փաստն այն է, որ ՀՀԿ–ն կրկին վախեցավ մտնել Ազատության հրապարակ։

Գործող նախագահը, թերևս, 2008թ. սկսած չի կարողանում հաղթահարել ցելոֆանե դատարկ տոպրակի ուղեկցությամբ և ոստիկանական ուժերով շրջապատված Օպերայի բակում միայնակ քայլելուց հետո առաջացած կոմպլեքսը։

Կպչուն «խասիաթ» և Արմեն Աշոտյանի աթոռի վրա աչք ունեցող հացադուլավորի չհանդիպելն էլ կարող էր պատճառ դառնալ, որպեսզի ՀՀԿ ղեկավարը չերևար այդ կողմերում։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա մի շարք պատճառներ կային, որոնք Սերժ Սարգսյանին հետ պահեցին հանրահավաք անելու մտքից։

Պատճառ 1–ին

ՀՀԿ–ն նախապես «բրոնյա» էր արել Ազատության հրապարակը մայիսի 3–ի համար, որպեսզի հնարավորություն չտա քարոզչության վերջին օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ԲՀԿ–ին կամ ՀԱԿ–ին։ Այսինքն՝ ՀՀԿ–ն հայտ էր ներկայացրել՝ չբացառելով հայտից հրաժարվելու տարբերակը։

Նմանատիպ տեխնոլոգիա իշխանությունները կիրառեցին նաև այս տարվա մարտի 1–ին, երբ բավարարեցին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մյասնիկյան արձանի մոտ հանրահավաք անցկացնելու հայտը։ Եվ դա այն դեպքում, երբ ՀԱԿ–ն այդ օրը հանրահավաք անցկացնելու մասին շատ ավելի շուտ էր իրազեկել Երևանի քաղաքապետարանին։

Գրեթե նույն ժամին ու նույն տեղում ՀԱԿ–ի ու «Ժառանգության» զանգվածային միջոցառումները թույլատրելով՝ իշխանություններն ուզում էին օգտագործել այն օրերին դեռ «ընդդիմության առաջնորդ» ընկալվող Րաֆֆուն Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ, սակայն չկարողացան, քանզի ՀԱԿ–ում շատ արագ հաշվեցին իշխանության ու հաճախորդի համատեղ իրականացվելիք քայլերն և զիջեցին հանրահավաք անցկացնելու իրավունքը Րաֆֆուն, ով դրանից հետո հրաժարվեց հանրահավաքի մտադրությունից՝ դրանով իսկ հաստատելով այն կասկածները, որ կային իր դերակատարման մասով։

Պատճառ 2–րդ

Շատերն են ֆիքսել, որ Սերժ Սարգսյանը հրապարակային միջոցառումների ժամանակ մենակ է բեմ բարձրանում։ Նրա PR–շիկներն այդպիսով ուզում են տարանջատել Սերժ Սարգսյանին ՀՀԿ–ից՝ «Սերժը բարի է, իսկ ՀՀԿ–ում հավաքվածները՝ չար» հեքիաթի շրջանակներում։

Եթե հանրահավաք լիներ, ապա Սերժ Սարգսյանը պետք է մի հարթակում կանգներ Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու մյուս «անլեզու» թեկնածուների կողքին, ինչը նա անել չուզեց։ Իսկ միայն Տարոնի հետ բեմ բարձրանալը զավեշտալի կլիներ։ Հո չէի՞ն կարող Տարոնն ու Սերժը կանգնել բեմի վրա ու մեկը մյուսին գովել։ Համ էլ Տարոնին միկրոֆոնի մոտ թողնելն ու հազարավոր մարդկանց աչքի առաջ հերթական անգամ խայտառակվելը ոչ մի օգուտ չէր տա ՀՀԿ–ին։ Բացի այդ՝ մարդկանց բերելով հրապարակ՝ ՀՀԿ–ն ստիպված պետք է լիներ երթ անել, ինչը հղի էր անկանխատեսելի հետևանքներով. տաքերն ընկել են և մարդիկ իրենց բնակարաններում լխկած լոլիկներ հաստատ կունենային։

Մեկ այլ խնդիր էլ կա. իբր հակակոռուպցիոն պայքար մղող Սարգսյանը ձեռնպահ մնաց հանրահավաքի ժամանակ կանգնել մեկի կողիքն, ով վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակության առջև բացահայտվեց որպես կոռուպցիայի քայլող մարմնավորում։

Պատճառ 3–րդ

Տարոն Մարգարյանը դրածո է և այդպիսին մնալու ֆունկցիա ունի, եթե իհարկե հաջողվի տոկոս «խփել»։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը չուզեց ժողովրդի առաջ գովել մեկին, ում հարմար առիթի դեպքում նախագահական նստավայրից ուղարկելու են Դոմինգոյի համերգին։

Նախագահականում այս պահին խնդիր են դրել ապահովել Տարոնի հաղթանակը ոչ թե նրան առաջ մղելու, այլ իշխանական բուրգի փլուզումը թույլ չտալու նպատակով։ Իսկ դա նշանակում է, որ գործող քաղաքապետի համար կարող են միացնել պետական ոստիկանական մեքենան, բայց հանրահավաքային գլխաքանակ ապահովելու մեքենան չեն միացնի՝ մանավանդ որ ՀՀԿ–ի ներսում գզվռտոցների մեջ գտնվող տարբեր թևերը կարող էին և «պռավալի» ենթարկել «մարդաշատ միջոցառման» բեմականացումը։

Ի դեպ, զանգվածներ տեսնելով՝ Տարոնը կարող էր ինքն իրեն ներշնչել, որ դեմք է ու հետագայում փորձեր ինքնուրույն խաղեր տալ, ինչը չի մտնում նրա ղեկավարության ծրագրերի մեջ։

ՀՀԿ–ի ավագանու ցուցակին ուշադիր հետևելիս կարելի է գլխի ընկնել, թե ում են իրականում ուզում քաղաքապետի պաշտոնում տեսնել նեոբոլշևիկները՝ եթե առաջիկա մեկ–երկու տարում հաջողացնեն ամայացնել քաղաքական դաշտն ու տնտեսությունը գերկենտրոնացնել Բաղրամյան 26–ում։

Տարոնը հաստատ ավելի մտերիմ հարաբերություններ չունի Սարգսյանի հետ, քան Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Սակայն այդ հանգամանքը չխանգարեց ՀՀԿ ղեկավարին հեռացնել վերջինիս քաղաքապետարանից, էլ ուր մնաց, թե Տարոնին չասեն «սիրո՛ւն չի»։

Պատճառ 4–րդ

ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ–ում խուսափում են զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց։ Նախ դրա կարիքը չեն զգում, քանզի ձայն հիմնականում հավաքում են «շրջիկ խմբերով», և բացի այդ՝ զգուշանում են այնպիսի «չէպէ»–ներից, ինչպիսին եղավ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ պայթեցին փուչիկները։

Նախագահական ընտրությունների ժամանակ էլ Սարգսյանը հիմնականում դահլիճային հանդիպումներ էր ունենում։ Չնայած «չեբուրաշկաների» ու այլնի տեսքով «չէպէ»–ներից խուսափել չհաջողվեց։

Պատճառ 5–րդ

«Ավելի լավ Տարոն» ծրագրի շրջանակներում 40 և ավելի տոկոս «խփել» պատրաստվող ՀՀԿ–ն պետք է ծավալներով մի քանի անգամ ավելի մեծ հանրահավաք աներ քան ԲՀԿ–ն, ինչն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, քանզի ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի ներդրումը նվազեցրել է ՀՀԿ–ի համար գլխաքանակ ապահովողների և մեծացրել ոստիկանության դերը։ Կեղծ անձնագրերը ձեռքներին «շրջիկ խմբերը» կարող են ձայն բերել ՀՀԿ–ին, բայց չեն կարող իրական քանակ ապահովել հանրահավաքի ժամանակ։ Այսինքն՝ ՀՀԿ–ն այսօր ակնհայտորեն կպարտվեր ԲՀԿ–ին, ինչը կդժվարացներ կեղծիքների հիմնավորումները։ Այդ իսկ պատճառով էլ ՀՀԿ–ում հրաժարվեցին հանրահավաքից, և Տարոնին ուղարկեցին բակային հանդիպումների։

Պատճառ 6–րդ

Ընտրակեղծիքների մենեջերները հիմա փոխվել են։ Եթե նախկինում կեղծողները թաղի տղերքն ու մականունավոր ՀՀԿ–ականներն էին, ովքեր նաև մարդաքանակ էին ապահովում տարատեսակ միջոցառումների ժամանակ, ապա հիմա տոկոս «խփելը» «լեգալացվել» է։ «Զորավարն» արդյունավետ է գործում տոկոս «խփելիս», բայց բանի պիտանի չէ մարդ բերելու հարցում։ Վովան առավելագույնը կարող է զանգվածային միջոցառումների ժամանակ աղոթել, բայց դե դրա համար Տարոնին պետք կլիներ Ծիծեռնակաբերդ հասցնել։ Այդ դեպքում բաց կմնար Սարգսյանի հարցը. նա գնար Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ աներ։

Մի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ Բաղրամյան 26–ում իրատեսորեն գնահատեցին սեփական ուժերն ու հրաժարվեցին «մեյդան» դուրս գալու ծրագրից։

Ճիշտ է, ՀՀԿ–ն կարող էր վարչական լծակների օգնությամբ հրապարակը լցնել, բայց քվեարկությունից երկու օր առաջ նման քայլը հակառակ էֆեկտը կտար ու զոռով հրապարակ բերվածները իրենց նողկանքն առ իշխող կուսակցություն կհայտնեին քվեարկությամբ։

Ահա սրանք էին այն հիմնական պատճառները, որոնք ստիպեցին ՀՀԿ–ին հրաժարվել հանրահավաք անելուց։ Իշխանության համար կարևորը «շրջիկ խմբերին» կազմ ու պատրաստ պահելն ու թվանկարչություն ապահովելն է։ Թե որքանով դա նրանց կհաջողվի, կիմանանք երկու օրից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը