Լրահոս

04.05.2013 00:30


Է. Նալբանդյանի ելույթը «Եվրոպայի Խորհրդի կոմիտեում Հայաստանի նախագահությունը» թեմայով

Է. Նալբանդյանի ելույթը «Եվրոպայի Խորհրդի կոմիտեում Հայաստանի նախագահությունը» թեմայով

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

ՀՀ ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ

Հարգելի Ազգային ժողովի նախագահ,

Հարգելի Սահմանադրական դատարանի նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունելի է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:

Եվրոպայի Խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարևոր դերակատարություն ունի: Այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի Խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր, սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում և համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից:

Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների և նորմերի տարածման և անդամ երկրներում դրանց ներդրմանը հետևող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով, Եվրոպայի Խորհուրդը նպաստում է կայուն և ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Եվրոպայի Խորհրդի այս առաքելությունը ճանաչված է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի Խորհուրդն իր կարևոր ներդրումն է ունեցել:

Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ: Արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գործընթացը շարունակվում է և այս առումով կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան/Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների և Եվրոպայի Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է և արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամներից է և իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին և գործընթացներին:

Հակիրճ անդրադառնամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը, բայց նախ՝ մի քանի խոսքով Նախարարների կոմիտեի մասին: 

Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին: Դրանցից Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից:

Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:

Եվրոպայի Խորհրդի մյուս կանոնադրային մարմինը՝ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում և քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարևորագույն հարցեր:    

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի և, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա շատ կարևոր և պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաև մեծ պատասխանատվություն է:

 

Ընդունված կարգի համաձայն, մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս, մենք պետք է հրապարակենք մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարևորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից:

Հայաստանի գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Դրանք քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ՝ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:

Հայաստանի նախագահության գերակայություններով մենք շեշտել և կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարևոր են:

Մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն հարցերից է  անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարը: Սա համաեվրոպական, խիստ արդիական խնդիր է, որը նոր սրությամբ է արտահայտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հասանելիության պայմաններում:

 

Դրա մասին են վկայում Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI), Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, ինչպես նաև այս տարվա մարտին պաշտոնապես մեկնարկած ,Ո՛չ համացանցում ատելություն սերմանող հրապարակային ելույթներինե համաեվրոպական երիտասարդական արշավը:

Այս ուղղությամբ մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարևորություն և մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաև կմիանա և կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:

Եվրոպայի Խորհրդի մյուս հենասյունը օրենքի գերակայության ոլորտն է: Այս ուղղությամբ մեր ներդրումը կլինի ,Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներումե թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը  սիրով համաձայնել է ավելի մանրամասն ներկայացնել նախագահության այս առանցքային միջոցառումը: 

Այս ոլորտի հետ կապված է նաև Եվրոպայի Խորհրդի օրակարգում ընդգրկված կարևոր մեկ այլ հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային մակարդակով արդյունավետ կիրառման հարցը: Այս ուղղությամբ Ստրասբուրգում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցում Հայաստանն իր ներդրումն է բերելու:

Եվրոպայի Խորհրդի երրորդ հենասյունը՝ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որոնք կկարևորեն տեղական մակարդակով մասնակցային ժողովրդավարության խնդիրները: 

Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողով, որի կապակցությամբ Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր:

Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երևանում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, Բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը և Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:

Նախատեսված են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը և ամառային նստաշրջանի կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահի այցը: 

Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի ,Սպարտակե բալետի ներկայացումն է լինելու:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարևոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի Խորհրդի արդյունավետության և դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:

Մեր նախագահության ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն և գործողությունների ծրագիրը:

Վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման և համակարգման վերաբերյալ: ԵԽԽՎ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Գլխավոր քարտուղարն առաջարկել է մշակել  ,ժողովրդավարության մատրիքսե՝ բոլոր անդամ երկրների համար՝ բացահայտելու տվյալ երկրում առկա խնդիրները, ինչպես նաև եվրոպական մակարդակով առկա ընդհանուր և գերիշխող միտումները: Ըստ Գլխավոր քարտուղարի, նման մատրիքսը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել Եվրոպայի Խորհրդի սահմանափակ ռեսուրսները:

Գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը սկիզբ դրեց բավական լուրջ քննարկումների, որոնք շարունակվելու են մայիսի 16-ին կայանալիք նախարարական նստաշրջանին և հետագա ամիսների ընթացքում:

Արաբական երկրներում սկիզբ առած զարգացումներից հետո, Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, Եվրոպայի Խորհուրդը սկսել է այդ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված ,հարևանության քաղաքականությանե մշակման գործընթացը, որը ևս Նախարարների կոմիտեի օրակարգային հարցերից կլինի առաջիկա ամիսներին:

Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել և առաջ մղել Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության և Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ Նախարարների կոմիտեի համագործակցության առնչությամբ հարկ է նշել, որ մայիսի 31-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական Վեհաժողովի ամառային և աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներով՝ ներկայացնելով  Կոմիտեի աշխատանքները:

Եզրափակելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար: Մենք մեծապես կարևորում ենք այդ փոխգործակցությունը և  հուսով ենք, որ այն լավագույնս կնպաստի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը: 

Շնորհակալություն: 

Այս խորագրի վերջին նյութերը