Լրահոս

06.07.2009 15:16


Մշակույթի նախարարությունն ուզում է Արմեն Մազմանյանին լավությո՞ւն անել

Մշակույթի նախարարությունն ուզում է Արմեն Մազմանյանին լավությո՞ւն անել

-Քաղաքում խոսակցություն է պտտվում, թե թատրոնը միավորելու են մեկ այլ թատրոնի հետ,- «Հայելի» մամուլի ակումբում նման հայտարարություն են արել Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի ներկայացուցիչները։

Նրանց խոսքերով՝ 5 օր առաջ Մշակույթի նախարարությունը պաշտոնից ազատել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի տնօրենին՝ Էդիկ Հակոբյանին, և նրա փոխարեն նշանակել Արթուր Նալբանդյանին։ Թատրոնի ներկայացուցիչներն էլ ենթադրում են, որ դա արվում է իրենց թատրոնը մեկ այլ թատրոնի հետ միավորելու նպատակով։

Իրենց հետ հանդիպման ժամանակ թատրոնների միավորման մասին խոսել է նաև ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը։ Ու թեև նա կոնկրետ անուն չի նշել, սակայն Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի աշխատակիցներին հասած լուրերի համաձայն՝ իրենց թատրոնը ցանկանում են միավորել Արմեն Մազմանյանի հիմնադրած «Գոյ» թատրոնի հետ։

Բանն այն է, որ Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնը պետական կարգավիճակ ունի, իսկ «Գոյը»՝ ոչ, և բանախոսները կասկած են հայտնել, թե երկու թատրոններն իրար են միավորում՝ «Գոյ»-ին պետական կարգավիճակ տալու նպատակով։

-Եթե ուզում եք, որ այդ թատրոնն էլ պետական կարգավիճակ ունենա, նրա՛ն էլ տվեք,- հայտարարել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Վահանյանը։

-Տուն քանդելով՝ տուն չեն սարքում, պարոնա՛յք և տիկնա՛յնք։ Ուրիշ ժամանակ եղեռնից կխոսեն, հիմա իրենք են եղեռն անում մշակույթի հանդեպ։ Հերիք է, չի՛ կարելի։ Մտերմությամբ կամ մեկ գավաթ սուրճ խմելով՝ թատրոնի հարց են լուծում,- սա էլ ասել է թատրոնի դերասան Գոռ Գինոսյանը։ Թատրոնի փոխտնօրենն էլ հավելել է.

-Ինչպես Հայաստանը պետք էր թուրքերին՝ առանց հայերի, մեր պետական թատրոնն էլ պետք է մյուս թատրոնին՝ առանց մեզ։ Դա հստակ է։

Նրանց խոսքերով՝ սա կա՛մ Մշակույթի նախարարության հերթական «աբսուրդային» քայլերից է, կա՛մ էլ ցականում են, որ «Արմեն Մազմանյանին լավ լինի»։

Ի դեպ, հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Նախ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մի շարք մեղադրանքներ առաջադրեց նախարարությունը, իսկ օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով այդ մեղադրանքների մասին, «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը պաշտպանեց Մշակույթի նախարարությանը՝ հայտարարելով, որ առնվազն երեք փաստ անձամբ է ստուգել և պարզել, որ մեղադրանքներն անհիմն են և սուտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը