Լրահոս

06.07.2009 18:25


ՀՀ Ազգային ժողովը դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հուլիսի 3-ին և 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրել է ոչ պաշտոնական խորհրդակցություններ և հանդիպումներ ՖխՎ անդամ պետությունների պատվիրակությունների հետ: 

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՖխՎ նստաշրջանի մասնակիցների պատվին Փարիզի քաղաքապետ Բեռնար Դելանոեի, իսկ հուլիսի 4-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշների կազմակերպած ընդունելություններին: Հուլիսի 4-ին նաև տեղի են ունեցել ՖխՎ հանձնաժողովների աշխատանքային նիստերը, որոնց ընթացքում քննարկվել են ՖխՎ 35-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը և լիագումար նիստի ընթացքում ՖխՎ կողմից ընդունվելիք որոշումների նախագծերը:

ՖխՎ 35-րդ նստաշրջանի լիագումար առաջին նիստը գումարվել է հուլիսի 5-ի առավոտյան: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ 50 պատվիրակություններ, որոնցից 15-ը գլխավորում են խորհրդարանների ղեկավարները:

Հուլիսի 5-ի կեսօրին ՖխՎ 35-րդ նստաշրջանը որոշել է ՀՀ Ազգային ժողովին շնորհել կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ կապակցությամբ նիստի ընթքացքում ելույթով հանդես է եկել ՖխՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանի   խորհրդարանը դառնա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի  ցանկություններին և ձգտումներին:

Հուլիսի 5-ի երեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած պաշտոնական ճաշի, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային զրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռառ Լարշեի հետ:

Հուլիսի 6-ին ՖխՎ 35-րդ նստաշրջանը շարունակել է իր աշխատանքը: Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ որակելով դրանք խորը, ջերմ և բարեկամական: Նրանք հատուկ նշել են ֆրանսահայ համայնքի դերը երկկողմ համագործակցությունը զարգացնելու գործում:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը ՖխՎ-ում ՀՀ ԱԺ ներգրավման կապակցությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել խրախուսել Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման և տարածաշրջանի կայունությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հուլիսի 6-ի երեկոյան InterContinental PARIS-LE GRAND հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը