Լրահոս

06.07.2009 19:19


Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Հարգելի տիկնայք և պարոնայք,
Մեզ համար մեծ պատիվ է այսօր Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Կիպրոսի Հանրապետության Նախագահին, իմ հարգարժան գործընկեր Դիմիտրիս Խրիստոֆիասին:
Մեր ժողովուրդների դարերով ամրացած բարեկամությունը երկկողմ բարձր մակարդակի ներկա հարաբերությունների գրավականն է: Կիպրոսն այն երկիրն է, որ սրտաբաց հյուրընկալել և երկրորդ հայրենիք է դարձել Օսմանյան Կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության հետևանքով այնտեղ ապաստանած բազմաթիվ հայերի համար: Հայ և կիպրացի ժողովուրդները դարեր ի վեր ունեցել են պատմության տարաբնույթ խաչաձևումներ՝ լի ողբերգական իրադարձություններով։ Փորձությունները, որոնք մենք պատմության ընթացքում հաղթահարել ենք, այսօր հիմք են ստեղծում ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության համար:
Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-կիպրական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցերի վերաբերյալ: Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների համընկնումը։
Հայաստանի ու Կիպրոսի միջև դարավոր բարեկամությունը և պատմամշակութային կապերը լուրջ հիմք են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացման համար:
Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, միջազգային նշանակության հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը մեր գործընկերային հարաբերությունների կարևոր տարրերն են:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը, կարծում եմ, առայժմ բավարար համարել չի կարելի, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ: Այս առումով մեծապես կարևորում եմ հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի սպասվող անդրանիկ նիստից մեր ակնկալիքները բավականին բարձր են:
Կարևորում եմ նաև գործարարների միջև շփումների աշխուժացումը։ Մեր երկրներում գործարարները պետք է ավելի լավ պատկերացնեն փոխադարձ ներդրումային և առևտրային հնարավորությունները: Բիզնեսին աջակցող կառույցների խնդիրը պետք է լինի լիարժեք և օգտակար տեղեկատվության տրամադրումը գործարարներին:
Հայ-կիպրական համագործակցությունը նոր նշանակություն է ստանում Հայաստան - Եվրամիություն համագործակցության համատեքստում: Հայաստանի ներգրավումը Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ նոր հնարավորություններ է բացում տարբեր ձևաչափերում համագործակցություն ծավալելու համար:
Մենք քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Ինչպես ասված է մեր համատեղ հայտարարության մեջ, Հայաստանն ու Կիպրոսը սատարում են միմյանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծման հարցում:
Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները: Միաժամանակ առկա է ընդհանուր մոտեցում այդ հակամարտությունների կարգավորման եղանակների շուրջ. դրանք պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:
Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ. խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունների չվերսկսման երաշխավորումը:
Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները և կառուցել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ: Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործելու բանակցային գործընթացը՝ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Կիպրոսի Նախագահի գլխավորած պատվիրակության առաջիկա հանդիպումները Երևանում ևս արդյունավետ կլինեն, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը