Լրահոս

06.07.2009 19:15


ՀՀ և Կիպրոսի նախագահները խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին

2009թ. հուլիսի 6-ից 7-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացավ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի պետական այցը ՀՀ:
Պետությունների ղեկավարները փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը' ի նպաստ տարբեր բնագավառներում փոխադարձ շահավետ նախաձեռնությունների և համագործակցության նոր ուղիների հայտնաբերման: Պատրաստակամություն են հայտնել նպաստել գործարարների միջև կապերի հաստատմանը, փոխադարձ այցելություններին և գործարար համաժողովների կազմակերպմանը: Նշվել է նաև փորձի փոխանակումը զբոսաշրջության, ծառայությունների, բանկային համակարգի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման բնագավառներում: Բացի այդ, նրանք համաձայնել են խթանել հարաբերությունները մշակույթի, գիտության և հաղորդակցության ոլորտներում:
Նախագահներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև իրավական դաշտի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախագահներն արտահայտել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և նշել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով' հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ներառյալ ազգերի ինքնորոշման իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Կիպրոսի խնդրի համապարփակ, արդարացի, տևական և համաձայնեցված' միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Եվրոպական Միության հիմքում ընկած սկզբունքների վրա հիմնված կարգավորմանն ուղղված ներկայում ընթացող բանակցությունները:

Կողմերն ընդգծել են հարևան պետությունների միջև առանց նախապայմանների և միմյանց հանդեպ հարգանքի ու փոխըմբռնման հիմքի վրա բնականոն հարաբերությունների հաստատման ու զարգացման անհրաժեշտությունը:

Նրանք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության նախաձեռնությունների, այդ թվում' Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Ընդգծելով տեղաշարժի ազատության կարևորությունն արդի աշխարհում՝ կողմերը համաձայնել են աջակցել արտոնագրային ռեժիմի դյուրացմանը՝ որպես Արևելյան գործընկերության հիմնական բաղադրիչի:
Կիպրոսի Հանրապետությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև երկխոսության հետագա զարգացմանը' ի շահ բոլոր կողմերի:
Կողմերը նաև համաձայնել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և պատշաճ կերպով հաշվի առնել միմյանց տեսակետները:
Նրանք նաև ընդգծել են Եվրոպայում անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորությունը, ընդհանուր ու անբաժանելի անվտանգության նոր ու արդյունավետ մեխանիզմների քննարկումը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:
Գոհունակություն հայտնելով կայացած կառուցողական բանակցությունների արդյունքների վերաբերյալ' նախագահներն առաջիկայում գործնական քայլեր կձեռնարկեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը