Մեկնաբանություն

18.05.2013 17:36


Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշել էին դին բերել կառավարության շենքի առաջ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով սպանության կապակցությամբ։ Երևան–Սևան մայրուղու վրա, սակայն, ոստիկանները կանգնեցրել էին թափորը։ Տեղի է ունեցել քաշքշոց ոստիկանության և սպանվածի հարազատների միջև։

Տեղում նկարահանումներ իրականացնող «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը խլել են և կոտրել։ Վերցրել են «Երկիր մեդիայի» տեսաերիզները։ Մի խոսքով` խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը։

Զոհերի հարազատների հետ բանակցությունների մեջ մտած պաշտպանության նախարարին ու ոստիկանապետին հաջողվել է համոզել սպանվածի հարազատներին հետ տանել դիակը և հուղարկավորությունը կազմակերպել գյուղում։

Մարդկայնորեն հասկանալի է սպանվածի հարազատների հուզական որոշումը. մարդիկ զավակ են կորցրել և իրենց բարկությունն արտահայտելու համար որոշել էին գալ Կառավարության դիմաց։

Ուշագրավն այն է, որ այս ամենի հետևում իշխանություններն ու նրանց կցված լրատվական դաշտի «աստվածավախ» շեփորահարները դավադրություն տեսան ու շտապեցին արտահայտվել սոցիալական ցանցերում։

«Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է։ Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել,–ֆեյսբուքյան իր էջում նշել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, ապա ավելացրել-եթե ծնողներին չուղղորդեն, ազգային ողբերգություն ու խայտառակություն չդարձնեն, այսպես չի լինի»։

Ահա այսպես։ Ստացվում է, որ այս պատմության մեջ մեղավոր են սպանվածը, սպանվածի հարազատները և ինչ-որ մութ ուժեր։

Նկատենք, որ ՊՆ մամլո խոսնակի ասածներն ամբողջությամբ տեղավորվում են Սերժ Սարգսյանի՝ «գաղջ մթնոլորտի» տեսության մեջ, ըստ որի՝ մարդիկ արտագաղթում են, քանի որ մեկ–երկու հեռուսատաընկերություն և մի քանի կայք ու թերթ վատ բաների մասին են ցույց տալիս ու գրում (երևի այդ գաղջ մթնոլորտին չնպաստելու համար էին ուժային կառույցի ներկայացուցիչներն այսօր կոտրել ու խլել «Կենտրոնի» տեսախցիկն ու խոչընդոտել մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը)։

Դե, իսկ մութ ուժերի և թաքնված կազմակերպիչների մասին ուղղորդված գրառումներ պատվիրելն ամբողջությամբ տեղավորվում է գաղջ մթնոլորտի իրական պատասխանատու Բաղրամյան 26-ի վարքագծի մեջ։

Եթե իշխանությունների ուզածով լինի, ապա ստացվում է, որ զինվորը պետք է սպանվի զորամասում, նրա ծնողները պետք է «ազգային ողբերգություն ու խայտառակություն չդարձնեն» սպանության փաստը, իսկ լրատվամիջոցները պետք է չլուսաբանեն բողոքի ակցիան, որպեսզի գաղջ մթնոլորտ չստեղծվի։ Բայց չէ՞ որ գաղջ մթնոլորտը լրիվ այլ պատճառներով է առաջանում, և պետք չէ սեփական մեղքերը բարդել այլոց վրա ու մի ամբողջ հասարակության կասկածել դավադրության մեջ։ Ի վերջո, մարդու իրավունքների ու արժանապատիվ կյանքի համար պայքարը դավադրություն չէ։ Դավադրությունն իշխանությունն է կազմակերպել ժողովրդի դեմ՝ գեբելսյան քարոզչամեքենայի ու վարձկան «ընդդիմադիրների» միջոցով գաղջացնելով մթնոլորտը։

Դավադրությունների մասին հեքիաթներ տարածելով՝ իշխանությունները շուտով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը պետք է պատերազմ հայտարարեն։ Չնայած վաղուց արդեն հայտարարել են։ Հասարակության դիմադրությունն առայժմ հախուռն բնույթ է կրում, սակայն այսպես երկար շարունակվել չի կարող։

Սերժ Սարգսյանն «ընտրությունների» ժամանակ «խփեց» իր տոկոսները, բայց խնդիրները մնում են ու հնարավոր չէ ոստիկանության միջոցով պայքարել խնդիրների մասին բարձրաձայնողների ամեն օր աճող բանակի դեմ։

Ավտորիտար բոլոր ռեժիմների պարագլուխներին էլ թվացել է, թե ուժային ռեսուրսով հնարավոր է լինելու հասարակության հախից գալ և հավերժ իշխել, բոլորն էլ փորձել են ստի ու կեղծիքի թագավորություն ստեղծել։ Սակայն բոլոր բռնապետnերն ու բռնապետիկներն էլ սխալվել են իրենց հաշվարկներում։ Չի փրկել ո՛չ գեբելսյան քարոզչությունը, ո՛չ Աստծո անունը հաճախ տալը, ո՛չ ոստիկանների ու զենքի քանակը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը