Մեկնաբանություն

20.05.2013 21:08


«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրն իմաստ չունի լուրջ փորձագիտական գնահատականի արժանացնել, քանզի վերջին հինգ տարիները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք դիլետանտ և իր բոլոր խոստումները չկատարած վարչապետի հետ։

«Բարեշրջիչ» և «աստվածավախ» Տիգրանը 2008թ. խոստանում էր տարեկան միջինը 9% իրական տնտեսական աճ, աղքատության կրճատում, գործազրկության պակասեցում և ներդրումների աճ։ Եղավ ճիշտ հակառակը։ Հետևաբար իմաստ չունի վերլուծել ձախողված կառավարության ձախողված ղեկավարի ներկայացրած բաժակաճառային փաստաթուղթը։

Արժե, սակայն, քննության առարկա դարձնել «նոր» կառավարության կադրային տեղաշարժերը՝ հասկանալու համար, թե ինչն է հնարավորություն տալու «Հայկական աշխարհի» ճարտարապետին ապահով Հայաստան կառուցել, «ատկատների» դեմ պայքար մղել և տարեկան 5-7 % ՀՆԱ աճ ապահովել (սպասվող երկնիշ ինֆլյացիայի պայմաններում այդ «աճի» ապահովումը, ի դեպ, մեծ դժվարություն չի ներկայացնի)։

Կադրերն են որոշում ամեն ինչ

Ինչպես հայտնի է, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղերով փոխվեցին։ Նախկին նախարարի կարգավիճակը չիջեցնելու համար կառավարության աշխատակազմի ղեկավարի կողքն ավելացրեցին «նախարար», և հարցը լուծվեց։

Նոր նախարարի հաստիքի ավելացման շնորհիվ Հայաստանը հիմա տասով ավելի նախարարություններ ունի, քան զարգացած եվրոպական երկրներից շատերը, բայց դրանք մանր հարցեր են ի համեմատ այն մեծ ծրագրերի, որոնք խոստանում է կառավարությունը։

Վաչեի տարբերակով չնեղացրեցին նաև էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանին։ Նա նշանակվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ։ Այդպիսով՝ Դավթյանը հնարավորություն կստանա ոչինչ չանել մեր պետության և տնտեսության համար, բայց բարձր աշխատավարձ ստանալ և ճանապարհորդել, այսինքն՝ վարել նման ֆունկցիոներներին հատուկ ձրիակերի կյանք։

Եթե հիշում եք, կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել էր «ատկատներից» ու կոռուպցիայի աղբյուր հանդիսացող «տենդերներից»։ Տիգրան Սարգսյանը խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Ենթադրվում է, որ կադրային վերջին փոփոխություններն իրականացնելիս «մտածողության հեղափոխության ջատագով» ներկայացող վարչապետը հակա–«ատկատային» տրամաբանությամբ է առաջնորդվել։ Այդպե՞ ս է դա արդյոք։

Լավ մոռացված նոր նախարարը

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ նույնիսկ հաջողացնելով նախարար դառնալ։ Սակայն նրան հանրության լայն շրջանակներն ու սկսնակ լրագրողները չեն հիշի, քանզի Ավանեսյանն այն գորշ և անդեմ պաշտոնյաներից է, ովքեր հետք չեն թողնում իրենցից հետո և պաշտոնից զրկվելուն պես մոռացվում են։

Ավանեսյանը նաև այն պաշտոնյաներից է, որոնք «բարեպաշտ» Տիգրան Սարգսյանի պես կորեյկոյական կյանք են վարում, այսինքն՝ կարողանում են փողեր դիզել առանց «շուխուռի» և միաժամանակ հաջողացնում են հանրության առաջ հանդես գալ համեստ ապրելակերպի տեր մարդու իմիջով՝ իրականում, սակայն, լինելով փողի հանդեպ պաթոլոգիկ սեր ունեցող արարած։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն իր մտածողությամբ, այսպես ասած, «Ներսես Երիցյան-2» է։ Նա էլ է էկոնոմիկայի նախկին տխրահռչակ նախարար Ներսեսի պես դիպլոմավոր տնտեսագետ և Ներսեսի պես էլ պատկերացնում է Հայաստանի տնտեսության խնդիրները։ Ասել է թե՝ չի պատկերացնում, և ոչ մի բան չի հասկանում։

Միակ բանը, որից Ավանեսյանը շատ լավ պատկերացում ունի և որը շատ լավ հասկանում է, դա բազմամիլիոնանոց ծրագրեր «շտամպովկա» անելն ու խորհրդատվության անվան տակ փողեր պտտեցնելն է։ Դրանով նա զբաղվել է՝ սկսած 2001թ.։

Տեղին է նշել, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Ավանեսյանին պատկանող «ԱՎԱԳ սոլյուշընս» ՍՊԸ–ի հետ համագործակցել է տնտեսական բարեփոխումներին միտված ծրագրեր կազմելու հարցերում։ Կարելի է միայն կռահել, թե որքան փող է դուրս գրվել այդ համագործակցության հողի վրա, և որքան այլ գրանտային միջոցներ են շրջանառվել նորանշանակ նախարարին պատկանող մասնավոր ֆիրմայում։

Տիգրան Սարգսյանի «մունդառ» խասիաթը և Վահրամ Ավանեսյանի տեսակը հաշվի առնելով՝ պատկերացնել կարելի է, թե ինչպիսի «ատկատների» և «լվացքի» հետ գործ ունենք։

Իսկ թե ինչպիսի արդյունքների է հասել Կառավարությունը «ԱՎԱԳ սոլյուշընսի» հետ համագործակցելով՝ կարելի է դատել Հայաստանի սոցիալ–տնտեսական իրավիճակից։ Բայց դա էական չէ վարչապետի համար։ Էականն այն է, որ բարեփոխումների ծրագրերի վրա ահագին գումարներ են ծախսվել։ Դա է պատճառը, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ էր, իսկ վարչապետի անձնական եկամուտներն աճում էին։

Եվ այսպես, նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանի հիմնական արժանիքն այն է, որ նա շատ լավ տիրապետում է ոչինչ չասող ծրագրեր գրելու և այդ ծրագրերի դիմաց փողեր ստանալու արվեստին կամ ավելի ճիշտ՝ արհեստին։ Մարդն արհեստավարժ է այդ հարցում, և շուտով բոլորս կհամոզվենք դրանում։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք կառավարությունը շարունակելո՞ւ է գումարներ հատկացնել նախարարին պատկանող «ԱՎԱԳ սոլյուշընսին»՝ բարեփոխման ծրագրեր գրելու համար։ Կարելի է չկասկածել, որ կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ պայքարից խոսող երկրի թիվ երկու օլիգարխ վարչապետի ու իր ենթակա նախարարի «ուրույն» բիզնես–համագործակցությունը կշարունակվի։

«Շահերի բախման» խնդրի լուծում գտնելը դժվար չի լինի. «Ավագ սոլյուշընս» ՍՊԸ–ում տնօրենի ձևական փոփոխություն կլինի, ինչն էլ Տիգրանին թույլ կտա հայտարարել, թե Վահրամի մոտ թղթով ամեն ինչ կարգին է։

Նկատենք, որ Վահրամի հայտնվելը կառավարությունում պետականի ու մասնավորի փայլուն համագործակցության օրինակ է։ Այդ նշանակումը նաև իշխանության և բիզնեսի տարանջատման պիլոտային ծրագիր է։

Վարչապետի հետ համագործակցած բիզնեսմենի նախարար նշանակվելը վկայում է այն մասին, որ «ատկատների», փողերի լվացման ու «տենդերների» դեմ անհաշտ պայքարը նոր թափ կհավաքի, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը կբարձրանա նոր մակարդակի։ Մնում է, որ բյուջեի դեֆիցիտն այդ պայքարների հետևանքներով այնքան չմեծանա, որ ստիպված լինենք նոր պարտատոմսեր թողարկել միջազգային շուկայում։

Տիգրան և Դավիթ Սարգսյանների անխախտ միասնությունը

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից է։ Նրանք մտերիմ, շատ մտերիմ, չափից շատ մտերիմ, երկու տղամարդկանց հարաբերությունների առումով կասկածելիորեն մտերիմ հարաբերություններ ունեն, բայց դա իրենց անձնական գործն է։

Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է անանձնականը, այսինքն՝ այն հարցը, թե բացի անձնականին առնչվող որոշ «պահերից», ուրիշ ի՞նչ արժանիքների շնորհիվ է լռակյաց այդ երիտասարդը դարձել նախարար, այն էլ՝ ֆինանսների։

Ուսումնասիրելով նորանշանակ նախարարի կենսագրությունը՝ պարզում ենք, որ Դավիթ ու Տիգրան անբաժան զույգը կառավարություն տեղափոխվեց Կենտրոնական բանկից։

Ասում են, թե ԿԲ–ում Դ. Սարգսյանի ֆունկցիան եղել է ինտրիգներ սարքելը, բանկի աշխատակիցների դեմ Տ. Սարգսյանին «գործ տալն» ու տարբեր տրամաչափի «մուտիլովկաներ» կազմակերպելը։ Դա էր պատճառը, որ ԿԲ–ում ահագին ուրախացել էին Տիգրան–Դավիթ զույգի հեռացման առիթով և հետևներից, պատկերավոր ասած, ջուր էին լցրել։

Դավիթի ունեցած վերոնշյալ հատկանիշներն էին պատճառը, որ ինտրիգների սիրահար Տիգրանը նրան իր հետ տարավ կառավարություն՝ նշանակելով կառավարության աշխատակազմի լայն լիազորություններ ունեցող ղեկավար։

Տիգրանի հովանու ներքո Դավիթը փաստացի կատարում էր ֆինանսների նախարարի ֆունկցիան՝ կառավարելով միլիոնավոր դոլարների հասնող «ատկատահեն» բյուջետային գործարքները, որոնցից այդքան շատ սիրում է բողոքել Սերժ Սարգսյանը։

2010թ. սկսած, երբ «բարեփոխման» ենթարկվեց պետական գնումների ոլորտը, Դավիթը, ըստ էության, զբաղված էր նաև գնումների գործընթացի կառավարմամբ։ Բոլոր նախարարություններին նա ներքին շրջաբերականներ էր իջեցրել անգամ ծաղիկների ու ծաղկեպսակների գնման վերաբերյալ՝ չմոռանալով նշել այն վաճառակետերը, որոնցից պետք է գնումներ կատարեն նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները։

Գնումների գերկենտրոնացված համակարգի ներդրմամբ Տիգրան Սարգսյանը Դավիթի միջոցով իր ձեռքը հավաքեց պետական բյուջետային միջոցները։ Կարելի է ասել, որ Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ոչ ֆորմալ գանձապահն է և անձնական ու անանձնական ֆինանսների կառավարիչը։

Դավիթին ֆինանսների նախարար նշանակելով՝ վարչապետը պարզապես ֆորմալ տեսք տվեց նրա ունեցած կարգավիճակին, ինչպես նաև փակեց գնումներ–բյուջետային հատկացումներ–«ատկատ» շղթայի հիմնական օղակները։ Հիմա «ատկատները», ինչպես Սերժն էր ուզում, ավելի կկանոնակարգվեն և կկենտրոնացվեն։ Սրանից հետո օձն իր պորտով և հավքն իր թևով չի սողոսկի պետական գանձարան։ Այդ գործը կանեն միայն Տիգրան և Դավիթ Սարգսյանները՝ Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո։ Դա, իհարկե, արդյունավետ կդարձնի «ատկատների» դեմ պայքարը։ Մնում է, որ բյուջեն դիմանա այդ պայքարի հետևանքներին, Սարգսյանների անսպառ ախորժակին և ագահությանը։

. . .

Ահա այսպիսին էին Տիգրան Սարգսյանի իրականացրած կադրային փոխատեղումների չերևացող կողմերը։ «Հրաշալի» եռյակը՝ Տիգրան Սարգսյան, Դավիթ Սարգսյան և Վահրամ Ավանեսյան, սպառնում է «ապահով» Հայաստանի խորհրդանիշը դառնալ։ «Բարեշրջումները», ինչպես հասկանում եք, շարունակվում են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը