Լրահոս

21.05.2013 15:59


ԲՀԿ–ն ընտրացուցակները հրապարակելուն կողմ է քվեարկելու

ԲՀԿ–ն ընտրացուցակները հրապարակելուն կողմ է քվեարկելու

ՀՀ ԱԺ–ն որպես արտահերթ հարց քննարկեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Դրա համար ընդհատվել էր ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։

Ներկայացված նախագծի համաձայն՝ ընտրություններն ավարտվելուց հետո 2 օրվա ընթացքում ԿԸՀ պաշտոնական կայքէջում որոնման և ներբեռնման հնարավորությամբ պետք է հրապարակվեն քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրությունները պարունակող ցուցակները՝ ըստ տեղամասերի։

Քաղաքական մեծամասնությունը, սակայն, դեմ է այս օրինագծին։ Դրան դրական եզրակացություն չի տվել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն բացասական եզարակցություն է տվել նաև Վենետիկի հանձնաժողովը։

Անդրադառնալով դրան՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է.

–Վենետիկի հանձնաժողովականները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ ընտրությունների օրը մեր երկրում արտագաղթը հասցվում է զրոյական մակարդակի՝ քվերակում են նրանք, ովքեր այդ պահին, այդ օրը և տևական ժամանակ Հայաստանում չեն։ Վենետիկի հանձնաժողովականները որևէ կերպ չեն կարող հասկանալ, թե ինչու պետք է հրաժարվել մեծամասնական ընտրակարգից։ Որովհետև նրանց համար կա մեկ չափանիշ՝ ինչ ընտրակարգով էլ անցկացվեն ընտրությունները, դրանք պետք է լինեն ազատ և անկախ։ Ինչքան էլ բացատրում ենք մեր ընտրական մեխանիզմի ազգային, խոհանոցային նրբությունները, նրանք չեն հասկանում։

Նաիրա Զոհրաբյանը եզրափակել է, որ քանի դեռ Հայաստանում ընտրություններն անց են կացվում այնպես, ինչպես անց են կացվում, գոնե մեկ տոկոս երաշխիք ունենալու համար ընտրացուցակներն անպայման պետք է հրապարակվեն։

–«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն է կողմ է քվեարկելու այս օրինագծին,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը