Լրահոս

23.05.2013 10:51


04/23 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան

04/23 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը, ով նախապես կատարված վիճակահանության համաձայն` հանդիսացել է ընտրողներին քվեաթերթիկ տրամադրող անձ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը