Լրահոս

23.05.2013 11:57


Գյուղացիներին փոխհատուցել են, որ չփակեն Սարդարապատ գնացող Սերժ Սարգսյանի ճանապարհը

Գյուղացիներին փոխհատուցել են, որ չփակեն Սարդարապատ գնացող Սերժ Սարգսյանի ճանապարհը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ գիշերը, լուծեց Սերժ Սարգսյանի համար ամենակարեւոր հարցը. արմավիրցիները խոստացան մայիսի 28-ին չփակել դեպի Սարդարապատ գնացող ավտոճանապարհը, չանհանգստացնել նրան: Այսպիսով, Ս. Սարգսյանի ազատ տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվի:
Ամենայն հավանականությամբ, սա էր վարչապետի գերխնդիրը, դրա համար երեկ երեկոյան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ միասին շտապեց գնալ Արմավիրի մարզ՝ հանդիպելու կարկուտից տուժած գյուղացիների եւ 46 համայնքի ղեկավարների հետ:
Իհարկե, գործադիրի անդամները խոստացել են մեկ տարով սառեցնել գյուղատնտեսական վարկերը, ազատել նաեւ այլ վճարներից, օգնել ծայրահեղ անապահովներին, սակայն շատ գյուղացիներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ ունեն նաեւ այլ տիպի վարկեր, պարտքեր տարբեր խանութների, որոնք վերցրել էին՝ հույսով, որ բերքահավաքից հետո կմարեն:
Այս հարցերը դեռ մնացել են անպատասխան: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ նախորդ տարի, երբ մեր հարեւան Վրաստանում կարկտահարությունից շատ գյուղացիներ տուժեցին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր գրպանից 80 մլն դոլար բաժանեց տուժածներին: Հիշեցնենք, որ 2008-ից ի վեր «դեմքով դեպի գյուղը շրջված» ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի բանկային հաշիվներին 2012թ. մարտի 1-ի դրությամբ կար 870 հազար դոլար եւ 35 մլն դրամ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նա Իվանիշվիլու նման մի քայլ չի անում՝ ամեն ինչ թողնելով պետբյուջեի ուսերին: Չէ՞ որ, երբ վարչապետ դարձավ, այդքան ունեցվածք չուներ:
«Ժողովուրդ»

Այս խորագրի վերջին նյութերը