Տնտեսական

29.05.2013 11:25


«Արմավիայի» աշխատակիցները նախագահականի մոտ են

«Արմավիայի» աշխատակիցները նախագահականի մոտ են

Սնանկ ճանաչված «Արմավիա» ազգային ավիաընկերության աշխատակիցներն այս պահին նախագահական նստավայրի մոտ բողոքի գործողություն են անցկացնում։ Նրանք պահանջում են իրենց 7 ամսվա չվճարված աշխատավարձը, ինչպես նաև 2010 թվականից կուտակված օրապահիկներն ու արձակուրդայինների գումարը։

«7օր»–ի հետ զրույցում «Արմավիա»–ի արդեն նախկին բորտ–ուղեկցորդուհի Լիլիթ Կարապետյանն ասել է, որ միայն իրեն և իր գործընկերներին չվճարված գումարը յուրաքանչյուրի համար կազմում է 3–4 մլն դրամ։ Իսկ օրինակ օդաչուներին պարտք մնացած գումարը շատ ավելին է։

–Մենք նախագահականից պահանջում ենք, որ մեր աշխատավարձերը վճարեն։ Բոլորը վարկեր ունեն վերցրած, և հետո մեզ առանց նախապես զգուշացնելու են մայիսի 13–ին աշխատանքից ազատել,–ասել է Լ. Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ արդեն 3–րդ անգամ են նույն պահանջով գալիս նախագահական նստավայր, ամեն անգամ խոստանում են խնդրին լուծում տալ, բայց ամեն անգամ խոստումը մնում է օդում կախված։

–Բայց ի՞նչ անենք, այլ տարբերակ չկա, ստիպված պիտի գանք։ Ի դեպ, մեր ընկերության սեփականատերը՝ Միկա Բաղդասարովը, ինչ–որ գումարներ փոխանցում է, բայց դրանք նախագահականին դիմած աշխատակիցներին չեն տալիս։ Ասել են, որ մեզ վերջում կտան։ Նույնիսկ կանչել է մարդկանց ու ասել՝ հը՞, տվե՞ց ձեր նախագահը աշխատավարձը,–ավելացրել է բորտ–ուղեկցորդուհին։

«7օր»–ի հարցին՝ արդյոք միջազգային ավիաընկերություններից «Արմավիայի» աշխատակիցներին չե՞ն հրավիրում իրենց մոտ, Լ. Կարապետյանը պատասխանել է, որ մեծ մասն արդեն գնացել է։

–Մոտ 40 օդաչու արդեն արտագաղթել է։ Նրանք շատ պահանջված են դրսում։ Այս պահին այստեղ ընդամենը 4 օդաչու կա։ Բորտ–ուղեկցորդներից 10–ն էլ, եթե ոչ ավելին, մեկնել են երկրից՝ այլ ընկերություններում են աշխատում։ Հիմնականում նրանք, ովքեր ռուսական անձնագիր ունեին, բոլորը գնացել են,–նշել է Լ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը