Լրահոս

04.06.2013 15:48


Գորիսի արյունահեղության նոր վարկած. Սուրիկ Խաչատրյանը Բուդաղյանին գնդակահարել է մեքենայի մեջ

Գորիսի արյունահեղության նոր վարկած. Սուրիկ Խաչատրյանը Բուդաղյանին գնդակահարել է մեքենայի մեջ

«ilur.am»-ը գրում է, որ Գորիսի արյունահեղության վերաբերյալ իրավապահ մարմինների հակիրճ ու կցկտուր տեղեկությունները լրացնելու են գալիս տարբեր խոսակցությունները գորիսեցիների շրջանում: Նրանք տարբեր, երբեմն իրարամերժ վարկածներ են առաջ քաշում հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած դեպքերի մասին:

Թե որքանով են արժանահավատ գորիսեցիների ներկայացրած տարատեսակ վարկածները, կարող է ստուգել նախաքննությունը վարող մարմինը: Մասնավորապես, ասենք, ՊՆ քննչական ծառայությունը կարող է ստուգել Սյունիքի նախկին (՞) մարզպետի մեքենան, որով նա դեպքի օրը երթեւեկել է: Պետք է հարցաքննել հայտնի ճաշկերույթին մասնակցած անձանց (Բակո Սահակյանին, Մաքսիմ Հակոբյանին եւ այլոց): Եվ ամենակարեւորը՝ պետք է հանրությանը հստակ եւ արժանահավատ տեղեկատվություն տալ քննության ընթացքի մասին, որպեսզի նման խոսակցությունները չդառնան մամուլի հրապարակումների առարկա: Այնուամենայնիվ, քանի նախաքննական մարմինը լռում է, հարկ ենք համարում ներկայացնել տեղի ունեցած արյունահեղության հերթական վարկածը, որը iLur.am-ին փոխանցեց Գորիսում գտնվող մեր աղբյուրը:

Ըստ այդ վարկածի՝ Ավետիք Բուդաղյանին սպանել է հենց ինքը՝ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը, պաշտոնապես ներկայացվող կեսգիշերից ժամեր առաջ: «Սդղի գյոլ» հանգստավայրում հայտնի ճաշկերույթից հետո գինովցած Խաչատրյանը առաջարկում է Ավետիք Բուդաղյանին, ի նշան հաշտության, Գորիս վերադառնալ իր մեքենայով: Ճանապարհին վիճաբանությունը վերսկսվում է եւ մարզպետը գնդակահարում է Բուդաղյանին: Գնդապետ Արտակ Բուդաղյանը, տեղեկանալով եղբոր սպանության մասին, գալիս է Լիսկայի տուն, որտեղ էլ գնդակ է ստանում Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կողմից: Ինչ վերաբերում է Լիսկայի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի վնասվածքին, ապա, ըստ մեր աղբյուրի, նրան վիրավորել են ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ Խաչատրյանի առանձնատան մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության բեմականացման ժամանակ՝ փոխհրաձգության պատրանքն ավելի արժանահավատ դարձնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը