Լրահոս

11.06.2013 14:32


Դանիա-Հայաստան. հանդիպումների պատմությունից (տեսանյութ)

Դանիա-Հայաստան. հանդիպումների պատմությունից (տեսանյութ)
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի Դանիա-Հայաստան հանդիպումը: Սա կլինի մրցակիցների արդեն երրորդ հանդիպումը ընտրական մրցաշարերի շրջանակներում:

Առաջին անգամ այս երկու հավաքականներն ընդգրկվել էին միևնույն խմբում Եվրո-96-ի ընտրական մրցաշարում: Այն ժամանակ դանիացիները Եվրոպայի գործող չեմպիոններն էին: Նրանց կազմում հանդես էին գալիս եվրոպական ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Պետեր Շմեյխելը և Միքայել Լաուդրուպը: Նորանկախ Հայաստանի հավաքականն առաջին քայլերն էր կատարում եվրոպական մրցասպարեզում: Մեր հավաքականի գերակշռող մասն այդ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի առաջնությունում, սակայն կային նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Աշոտ Խաչատրյանը, Սարգիս Հովհաննիսյանը:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1995թ. օգոստոսի 16-ին «Հրազդան» մարզադաշտում: Չնայած մեր ֆուտբոլիստները խաղի ընթացքում ունեին մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն դանիացիները կարողացան հաղթանակ տանել 2:0 հաշվով: 33-րդ րոպեին Միքայել Լաուդրուպը բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Ալան Նիլսենը:

Այդ խաղում մեր հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.

Արմեն Պետրոսյան, Սարգիս Հովսեփյան, Վարդան Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, Սարգիս Հովհաննիսյան, Արամայիս Տոնոյան, Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան, Հովհաննես Թահմազյան (Հակոբ Տեր-Պետրոսյան, 41), Արմեն Շահգելդյան, Արսեն Ավետիսյան (Վարազդատ Ավետիսյան, 80):

Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Առաջին խաղակեսում Միխայել Շյոնբերգն ու Միխեյ Բեքը գրավեցին Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում Արթուր Պետրոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Միքայել Լաուդրուպը երրորդ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը, և դանիացիները հաղթեցին 3:1 հաշվով:

Այդ խաղում մեր հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.

Հարություն Աբրահամյան, Հակոբ Արտոյան, Վարդան Խաչատրյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Տիգրան Գսպեյան (Երվանդ Կրբաշյան, 74), Արթուր Պետրոսյան, Սամվել Նիկոլյան, Համլետ Վ. Մխիթարյան, Արսեն Ավետիսյան, Վարազդատ Ավետիսյան (Հայկ Մարգարյան, 71):

Այս խորագրի վերջին նյութերը