Լրահոս

11.06.2013 16:38


ՊՆ-ում հոգեբանական ճնշումների ենթարկվածի գործով վճռի հրապարակում

ՊՆ-ում հոգեբանական ճնշումների ենթարկվածի գործով վճռի հրապարակում

2013թ. հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Երևան Քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու գործով վճիռը:

2013թ. փետրվարի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Հ. Ղազարյանը:

Վերջինս հայտնել է այն մասին, որ իր դստեր՝ Գ. Ղազարյանի նախկին ամուսինը և ամուսնու ընտանիքը նրա նկատմամբ կիրառել են բարոյական բռնություն և խարդախությամբ յուրացրել նրա ամբողջ ունեցվածքը:
Ըստ Հ. Ղազարյանի՝ Գ. Ղազարյանի նախկին ամուսինը, պայմանագրային զինծառայող է խաղաղապահ զորքերում, իսկ նրա հայրը գնդապետ է: Ըստ նրա, ընտանիքը բարեկամական կապեր ունի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հ. Ղազարյանը 2012 թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին նամակներ է գրել ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, իսկ 2012 թ. նոյեմբեր ամսին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից գեներալ-մայոր Ա. Բրուտյանը զանգահարել և նամակների վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու համար նոյեմբերի 5-ին իր մոտ է հրավիրել Հ. Ղազարյանի դստերը:

2012 թ. նոյեմբերի 5-ին Հ. Ղազարյանն ուղեկցել է դստերը ՀՀ պաշտպանության նախարարություն: Պաշտպանության նախարարությունում Ա. Բրուտյանը Գ. Ղազարյանին ասել է. «Ամեն ինչ արյունով է վերջանալու: Եթե ուզում ես ամեն ինչ օրենքով լուծես, ներքևում հարցերդ օրենքով կլուծեն»: Գ. Ղազարյանը ենթարկվել է նաև հոգեբանական ճնշումների:

2013 թ. մարտի 5-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, սակայն ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Հակոբյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Որոշումը բողոքարկվել է ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանին, որը սակայն մերժվել է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշումը բողոքարկել է դատական կարգով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը