Տնտեսական

13.06.2013 13:54


Վերահսկիչ պալատի նախագահը խորհրդարան է գնացել մալուխը ձեռքին՝ որպես ապացույց

Վերահսկիչ պալատի նախագահը խորհրդարան է գնացել մալուխը ձեռքին՝ որպես ապացույց

Այսօր խորհրդարանը լսում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը։

Քաղաքաշինության ոլորտում վերահսկողության ժամանակ արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ:

Նույնը՝ ՀՀ կրթության և գիտության ոլորտում։ Նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտի` 134,045.3 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել է 8,625.8 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ևս բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ։

Իսկ որպես դատաիրավական համակարգում արձանագրված խախտումներից մեկի ապացույց՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նույնիսկ իր հետ մալուխ է տարել խորհրդարան։ Օդում պարզելով այդ մալուխը՝ նա ասել է.

Որոշ դատարանների կառուցման ժամանակ օգտագործվել է ահա այսպիսի մալուխ, որի գինը խանութում մեկ մերտը 110 դրամ է։ Սակայն նախահաշիվներում այս նույն մալուխը գրված է 1007 դրամ։

Գնումների գործընթացում հայտնաբերվել են բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր։

Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ երբեմն մրցույթներում հաղթում են այն կազմակերպությունները, որոնք ո՛չ արտադրող են, ո՛չ էլ ներկրող։

–Շատ հաճախ նախօրոք պայմանավորված սցենարով կազմակերպվում են մրցույթներ։ Դեպքեր կան, երբ ընկերությունը նույնիսկ 3–5 ամիս առաջ արդեն ներկրել է այդ ապրանքը, այսինքն նախօրոք գիտեր, որ այդ մրցույթում պետք է հաղթի,–ասել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում նույնպես արձանագրվել են էական խնդիրներ և ռիսկեր։

–ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիոզուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետևանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է,–ասել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկին, ապա Վերահսկիչ պալատը պարզել է, որ հայտնի չէ՝ վերջիվերջո որքա՞ն է տևելու Տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն՝ չկա՛ ծրագրինախանշված ավարտ, չկա՛ քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չե՛ն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ:

–Ամեն ինչ առավել քան անորոշ է: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա Գյումրու տեխնոպարկի կառուցումը կտևի 200 տարի,–ասել է նա։

Խախտումներից անմասն չէ նաև Երևանի քաղաքապետարանը։ Ուշագրավ է, օրինակ, որ գործարքները կնքելուց անմիջապես հետո Քաղաքապետարանի թույլտվությամբ ձեռք բերված տարածքը կրկին բաժանվում է առանձին միավորների, որից հետո արդեն նոր սեփականտերը ընդլայման նպատակով հատկացման տարածքը, որպես առանձին գույքային միավոր, վաճառում է այլ անձնաց` շուկայում գործող գներով:

Աղբանահության և սանիտարական մաքրման ոլորտում խնդիրներ և ակնհայտ ռիսկեր են հայտնաբերվել նաև պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում։

Տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացված ուսումնասիրություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նույնպես հայտնաբերվել են որոշակի խախտումներ և ռիսկեր։

Վերհասկիչ պալատի ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.parliament.am/draft_docs5/232VP.pdf։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը