Լրահոս

13.06.2013 16:58


Նավասարդ Կճոյանն առաջնորդվում է «ճշտով» և «պանյատներո՞վ»

Նավասարդ Կճոյանն առաջնորդվում է «ճշտով» և «պանյատներո՞վ»
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:
Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ:
Արարատյան Հայրապետական թեմ
Խմբ. կողմից – Նավասարդ Կճոյանն օֆշորային գործի շրջանակներում իր անվան հետ կապված տեղեկությունների առիթով իրավապահ մարմիններին չի դիմում, քանզի «այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին»։ Փաստորեն, հայ հոգևորական Կճոյանը առաջնորդվում է «ճշտով» և «պանյատներով», քանզի գողական աշխարհում է ընդունված չդիմել իրավապահ մարմիններին՝ «զապադլո» ծրագրի շրջանակներում։
Հետաքրքիր է, ինչու՞ Կճոյանը միայն հիմա որոշեց կտրուկ հերքել գործարար Փայլակ Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ երբ ինքը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ադամանդագործության թեմայով քննարկմանը, այնտեղ տեսել է նաև Նավասարդ Կճոյանին՝ նախարար Ներսես Երիցյանի կողքին նստած (տե՛ս http://hetq.am/arm/news/26891/ovqer-en-paylak-hayrapetyani-unezrkman-hexinaknery-ofshorayin-eryaky.html
Ի դեպ, ըստ Հայրապետյանի՝ նախարարի մյուս կողքին էլ նստած է եղել Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանը, ում հետ օֆշորային ֆիրմայում համաբաժնետեր են հանդիսանում Կճոյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս եռյակի օֆշորային ֆիրմայով էլ տեղի է ունեցել «քցում» օպերացիան։
«Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ»,– նշված է Արարատյան Հայրապետական թեմի հայտարարության մեջ։ Իսկ ինդուլգենցիա՞ է արդյոք հոգևորականի սքեմի տակ թաքնված գողական օրենքներով առաջնորդվելը։

Այս խորագրի վերջին նյութերը