Լրահոս

17.06.2013 12:20


Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը

Երևանում փողոցային ապօրինի առևտուրն արգելելու և գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով` դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առևտուր կազմակերպելու համար։ Այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով՝ համապատասխան տարածք էր առանձնացվել նաև Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.2/8 հասցեում: Այստեղ, ի դեպ, մինչև 2011 թվականի նշված միջոցառումների իրականացումը, տարիներ շարունակ իրականացվել է բացօթյա անկանոն առևտուր: Գյուղմթերքների բացօթյա շուկայի համար նախատեսված ոչ հիմնական շինությունը, սակայն, կառուցապատողը ժամանակի ընթացքում վերածել էր կրպակաշարի, որի հետևանքով խախտվել էր ինչպես նշված կառույցի օգտագործման, այնպես էլ նախատեսված առևտրային գործունեության նպատակային նշանակությունը։ Նշված փաստը հայտնաբերելուց հետո, ինչպես նշել է երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, ապօրինի շինություն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից <<Արամ և Վարուժան եղբայրներ>> ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն՝ իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ապօրինի կառուցված կրպակաշարը քանդվել է՝ տարածքը հետագայում նպատակին ծառայեցնելու նպատակով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը