Լրահոս

18.06.2013 16:21


Հովիկ Աբրահամյանը գեներալներին դահլիճից դուրս է հրավիրել. թեժ քննարկում երկրապահներին կարգավիճակ տալու վերաբերյալ

Հովիկ Աբրահամյանը գեներալներին դահլիճից դուրս է հրավիրել. թեժ քննարկում երկրապահներին կարգավիճակ տալու վերաբերյալ

Այս պահին ՀՀ ԱԺ խորհրդարանն իր արտահերթ նիստում քննարկում է երկրապահ կամավորականներին օրենքով կարգավիճակ տալու մասին օրինագիծը։ Սահմանվում է, որ «Երկրապահ»–ը հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված և պատմականորեն ձևավորված բարոյական արժեհամակարգ է, որն ընկած է ՀՀ–ի պատանիների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում:

Սույն օրենքի հեղինակներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, ինչպես նաև ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Սահմանվում է, որ երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում

1. ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ ՀՀ–ի սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

1) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.

2) ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում:

2. ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

Ի դեպ, օրենքի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը պատգամավորների հարցերին ի պատասխան ընդգծել է, որ այս օրենքի առաջնային նպատակը երկրապահներին և ազատամարտիկներին սոցիալական աջակցության երաշխիքները չեն։ Ըստ նրա՝ առավել նպատակահարմար է այս օրենքով սահմանել երկրապահների կարգավիճակը, իսկ հետագայում վերանայել և այս նախագծով նախատեսել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ։

–Պետք է հետագայո՛ւմ այս օրենքի վերանայմամբ երաշխիքները սահմանվեն,–ասել է օրենքի համահեղինակները։

Օրինագծի քննարկման ժամանակ իրենց շատ ակտիվ են դրսևորել գեներալ–պատգամավորներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը։ Նրանք շարունակ ընդհատել են հիմնական զեկուցողին և տեղից սկսել են հակաճառել հարց տվողներին։ Գեներալներին չի կանգնեցրել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտողությունը.

Ձեր անհարգալից վերաբերմունքը չեմ հասկանում իմ նկատմամբ, թողեք թող խոսի, պատգամավոր է, թող իր կարծիքը հայտնի,–վրդովված ասել է Հ. Աբրահամյանը։

Իսկ երբ գեներալները շարունակել են տեղից բարձր խոսել և խոչընդոտել նիստի ընթացքին, ԱԺ նախագահը նրանց առաջարկել է դուրս գալ դահլիճից։

–Միթոմ օգո՞ւտ եք տալիս, ես չեմ հասկանում,–բորբոքված ավելացրել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը