Լրահոս

21.06.2013 11:45


Բնական պաշարների կառավարման թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Բնական պաշարների կառավարման թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հունիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ քննարկում «Հակամարտությունների կանխարգելում եւ բնական պաշարներ» խորագրով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պետությունների առաջնային պատասխանատվությանը` բացառելու հակամարտություններում բնական պաշարների խթանիչ դերն ու ապահովել մասնավորապես նավթի, քարածխի, ադամանդների, թանկարժեք մետաղների արդյունահանման բնագավառում թափանցիկ, արդար կառավարումը: Քննարկմանը մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրենը եւ անդամ պետությունների ներկայացուցիչները:

Կարեւորելով ՄԱԿ-ի եւ Բրետոնվուդսյան ինստիտուտների դերակատարումը տվյալ բնագավառում համընդհանուր քաղաքականության մշակումը խրախուսելու գործում՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է վերլուծել բնական պաշարների դերը նաեւ հակամարտությունների քաղաքական կարգավորումը երկարաձգելու հարցում եւ առաջարկել ուսումնասիրել Հարավային Կովկասի երկրների մոտեցումները ու նրանց կողմից վարվող քաղաքականությունը:

Դեսպան Նազարյանը նշեց, որ մեխանիզմները, որոնց միջոցով բնական պաշարները խթանում կամ երկարաձգում են հակամարտությունները, խորը արմատներ ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտներում ու անդրադարձավ կաշառակերության, թույլ պետության եւ հաշվետվության բացակայությանը, որոնք շատ դեպքերում կապված են բնական պաշարներից ստացվող լայնամասշտաբ եկամուտների հետ:

ՀՀ դեսպանը հավելեց, որ միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու համար անդամ պետություններին տրված է լավագույն հնարավորություն ներառելու իրենց կայուն զարգացման ազգային ծրագրերում հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղաշինության հետ մեկտեղ նաեւ բնական պաշարների կառավարման հարցերը, ինչն առաջին հերթին կպահանջվի քաղաքական կամքի ու վճռականության դրսեւորում:

Այս խորագրի վերջին նյութերը