Լրահոս

11.07.2009 14:14


Արմեն Աղայան. «Նոր քաղաքական ուղղվածությունը պետք է տարբերվի ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության տեսակետներից»

Արմեն Աղայան. «Նոր քաղաքական ուղղվածությունը պետք է տարբերվի ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության տեսակետներից»

-Գործող ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, շատ լուրջ խնդիր ունեն մնալու մինչև հաջորդ ընտրություններ,-«Արմատ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արմեն Աղայանը։ Ըստ նրա՝ նախագահական ընտրությունից մինչև քաղաքայինը Երևանում ավելի քան 100 հազ. ձայն կորցնելը, «անկախ կեղծիքներից, որ իսկապես եղել են», ցույց է տալիս, որ հիասթափություն, իրոք, կա։

-Այդ հիասթափությունն օրինաչափ է, որովհետև երբեք այդ ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդը չի եղել։ Ժողովուրդը նրան ընդամենը որպես գործիք էր օգտագործում՝ իշխանափոխության համար։ Հիմա նրան այլևս որպես գործիք չեն ընկալում, կամ ընկալում են որպես մաշված գործիք։ Լ. Տեր-Պետրոսյանը պետք է համոզի, որ ինքը դեռ սուր գործիք է։ Նման խնդիր ունեն նաև Դաշնակցությունը և «Ժառանգությունը», որովհետև նրանք այսօր են խորհրդարանական ընդդիմություն, վաղը կարող են բոլորովին էլ չլինել։ Ուրեմն, պետք է ինչ-որ ձևով հիմնավորեն, որ իրենք քաղաքական բևեռ են,- ընդգծել է Արմեն Աղայանն ու նշել, որ հենց այդ իմաստով իրենք համոզմունք ունեն, որ քաղաքական երկրորդ բևեռն այսօր չի կարող լինել «ոչ շարքային քաղաքական գործունեությամբ, ոչ էլ ամբոխավարական շարժումներ անելով, ինչպես սովորաբար լինում են ընդդիմադիր շարժումները»։

-Դրանք պետք է լինեին նոր քաղաքական տեխնոլոգիաներով, նոր գաղափարական ուղղվածությամբ ձևակերպված։ Մնացածը կանխատեսումների բաժին է, որովհետև մենք կանխատեսելով համոզմունք ենք հայտնում, որ այդ նոր քաղաքական ուղղվածությունը ամենահիմնական քաղաքական հարցերում պետք է տարբերվի ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության տեսակետներից, որոնք իրականում իրար շատ նման են,-եզրակացրել է Ա. Աղայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը