Լրահոս

25.06.2013 09:35


Արձանագրություններով բազմաթիվ միակողմանի զիջումներ կատարելու ՀՀ-ի հանձնարարության պատճառները մինչ օրս մնում են անհայտ

Արձանագրություններով բազմաթիվ միակողմանի զիջումներ կատարելու ՀՀ-ի հանձնարարության պատճառները մինչ օրս մնում են անհայտ

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարևոր ելույթով է հանդես եկել Եվրոպայի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդաժողովում, որը կայացավ ս.թ. հունիսի 22-ին: Ելույթի ամփոփումը ներկայացնում ենք հանրության:

Տարածաշրջան

Ողջունելով ներկաներին, Կարո Հակոբյանը հայտնել է.

Իրականություն է, որ հայ ժողովրդի բնօրրանում ու նրան շրջապատող տարածաշրջանում ընթանում են քաղաքական բարդ և աննախընթաց գործընթացներ, որոնց հանգուցալուծումը դեռ մնում է անորոշ:

Ադրբեջանը քայլ առ քայլ դառնում է ամբողջատիրական պետություն՝ լռեցնում է ցանկացած ճիչ և շարունակում սպառազինվել. Թուրքիան ձգտում է տարածաշրջանային առավել մեծ դերակատարությունների. շարունակում է քսանամյա շրջապատումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իր ազդեցությունը տարածելով Վրաստանի վրա, առավել սեղմում ՀՀ-ին և վիրահայության. մեծ և ախորժաբեր տնտեսական առաջարկություններվ փորձում է հայությունից հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը, սպառազինում է Սիրիայի հակապետական գրոհայիններին. նրանց ծայրահեղ հատվածին գերզինելով գործողությունների ուղղում՝ սիրիահայ համայնքի գոյության և անդորրի դեմ. սին խոստումներով ու քաղաքական խաղերով փորձում է մոլորեցնել և սեպ խրել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքահայության միջև, իր երևակայության մեջ վնասելով Հայաստան-Սփյուռք միասնականությանը. պոլսահայ համայնքի նկատմամբ աննշան զիջումներ կատարելով փորձում է մեկ կողմից օրորել հայությունը իսկ մյուս կողմից խաբել միջազգային հանրությանը. Ճաշասեղաններ է կազմակերպում և կենացներ խմում սփյուռքահայ միամիտ կամ մոլորյալ անհատերի հետ և այդ բեմադրությունը ներկայացնում, որպես Սփյուռքի հետ երկխոսություն. Թուրքիան աղավաղելով հայության հատուցման գերհարցը, փորձում է զայն վերածել՝ անհատական նյութական հատուցման հարցի:

Բանախոսը, ակնարկելով հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի երկդիմի և մեծամտական և երկրի ներսում՝ անհանդուրժողական և ազգային և կրոնական հարցերում խտրական քաղաքականությանը, ընդգծել է.

- Հայաստանի, ներառյալ Արցախի, պետականության սատարումը, հզոր և ժողովրդավար պետության կերտումը է՛ և շարունակում է մնա՛լ Սփյուռքահայության գլխավոր պարտականությունների առանցքը: Առանց Հայկական պետականության ոգեղեն, մշակութային, կազմակերպական փորձի, ույժի և հոգատար ու բարոյական խնամքի, Սփյուռքը չի կարող լիիրավ կազմակերպվել և արդյունավետ կերպով զորակցել Հայստանի ու Արցախի հանրապետություններին և ջանքեր ի կատար ածել՝ հանուն համահայկական իղձերի կատարելագործման: ՀՀ-ին սատարելը, է՛ և շարունակում է մնա՛լ գերխնդիր: Եվ ո՛չ մի հանգամանք, մտահոգություն, թյուրիմացություն, հուսահատություն, հատվածական կամ խմբային շահ, երրորդ պետությունների կամ կողմերի ուղղակի կամ անուղղակի միջամտություն չպե՛տք է և չի՛ կարող Սփյուռքահայությանը խանգարել կամ շեղել այդ գերխնդրից: Փոխադարձ հարգանքը, ընբռնումը, համագործակցությունը այս հարցում այլնտրանք չունի՛:

Կարո Հակոբյանը կատարելով հետևյալ հստակացումները, ներկայացնել է առաջարկներ.

Ցեղասպանության “ճանաչում” թե՞ “Ցեղասպանության իրողության” դատապարտում:

- Ծանոթ է, որ հայկական իրավունքների նվաճման պայքարին առընթեր, բազմաթիվ երկների խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ համամարդկային կեցվածք են արտահայտել և զորակցություն հայտնել հայ ժողովրդին, հայության դեմ իրագործված ցեղասպանության ոճիրը դատապարտելով: Կասկածից վեր է, որ նշյալ երկրների և կազմակերպությունների կեցվածքի դրսևորումը՝ քաղաքական կեցվածք է և ոչ թե ակադեմական գնահատական: Այդ երկրների Ցեղասպանության դատապարտման խիզախ և հայ ժողովրդի նկատմամբ խիստ բարեկամական կեցվածքը, պարզապես “ցեղասպանության ճանաչում” որակելը, ունի բացասական հետևյալ հետևանքները:

- ա. Նշանակում է, կամ թողնում է այն սխալ տպավորությունը, որ բացի “Ցեղասպանությունը ճանաչած” երկրներից, աշխարհի մնացած բոլո՜ր երկրները՝ այդ թվում հայության բարեկամ բազմաթիվ պետություններ, “չեն ճանաչում” Հայոց ցեղասպանությունը և, եթե կուզեք նույնիսկ, համաձայն են Թուրքիայի բարբաջանքների հետ. Նաև այն տպավորությունը, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ կեցվածք հայտարարած երկրները, մինչ այդ չէին “ճանաչում” այդ իրողությունը:

- բ. Թուրքիան, հմտորեն չարաշահելով հայության կողմից տեղի տված “Ցեղասպանության ճանաչում” սխալ որակումը, շարունակաբար կրկնում է, որ երկրների պառլամենտները և, ընդհանրապես, քաղաքական կառույցները, ակադեմական վայրեր չեն և ինքնաբերաբար իրավունք չունեն գնահատականներ տալ՝ պատմական դեպքերի մասին՝ ճանաչել կամ չճանաչել ցեղասպանությունը: Թուրքիան, պնդում է, որ պառլամենտների կողմից պատմական հարցերի նկատմամբ ճանաչման բոլոր գնահատականները, կողմնակալ և քաղաքական դրդապատճառներից մղված կեցվածք են և հետևաբար՝ անընդունելի. Մինչդեռ, նշյալ երկրների պառլամենտները, ոչ թե Ցեղասպանությունն են “ճանաչել”, այլ Ցեղասպանության իրողության նկատմամբ տվել են քաղաքական գնահատական՝ դատապարտելով մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը:

- գ. Թուրքիան պնդում է, որ ցեղասպանության “ճանաչել- չճանաչելու” հարցը, խիստ մասնագիտական և պատմագետների քննարկումներին կարոտող հարց է, և որ ինքը պատրաստ է այդ հարցով երկխոսության նստել հայերի հետ: Թուրքիան, այսպիսով՝ ո՛չ միայն հարցականի տակ է առնում Ցեղասպանության իրողությունը, այլև՛ միջազգային հանրության առջև հանդես է գալիս, որպես երկխոսության ունակ և լարվածությունների մեղմացման ձգտող մի երկիր, որը ողջունվում է միջազգային հանրության կողմից, մինչ հայերը՝ երկխոսությունից խուսափող և հակամարտության ձգտող:

Արծարծված հարցի նշանակությունը կարևորելով, բանախոսը Հայաստանի պետական համապատասխան կառույցներին, Հայաստանի և Սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպություններին և լրատվական կառույցների ներկայացուցիչներին առաջարկել է. “Հայոց Ցեղասպանության ճանաչման” փոխարեն գործածեն “Հայոց Ցեղասպանության դատապատում” եզրը և հավելել.

“Հայոց Ցեղասպանությունը որպես իրողություն երբևէ պետք չունի, որևէ կողմի ՃԱՆԱՉՈՒՄԸ, այլ բոլոր մարդկության կողմից քաղաքական առողջ կեցվածքի դրսևորում և ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ”:

ՀՀ-Թուրքիա, Սփյուռք- Թուրքիա և ընդհանրապես՝ հայ-թուրքական հարաբերություների մասին.

ԵՀՀ-ի նախագահը, հայ-թուրքական հարաբերությունների մասին նշել է.

‘‘Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, Հայաստան- Թուրքիա և Սփյուռք- Թուրքիա առնչությունների կապակցությամբ որդեգրելիք կեցվածքները, վարելիք քաղաքականության սկզբունքների և շրջագծի սահմանները և կարմիր գծերի հստակեցումը, անհետաձգելի հրամայականներ են”:

Նա հավելել է. “Այս հարցով, մինչ այժմ կատարվածը խիստ անբավարար է և անհստակ: Կան բազմաթիվ թյուրըմբռնումներ, անհստակություններ, սխալ և անտեղի վերագրումներ, անհիմն մեղադրանքներ, զրպարտություններ և ապաքաղաքական գնահատականներ: Չեն հստակացվել բազմաթիվ հարցեր ու սկզբունքներ և չի գոյացել համահայկական միասնական տեսակետ: Չի պլանավորվել, չի կատարվել ոլորտների և հանձնարարությունների հստակացում, հնարավորությունների ճշգրիտ արժևորում, ունակությունների և ներուժի համեստ և չչափազանցված գնահատում և վերջապես՝ դերերի բաժանում: Այս հարցում իհարկե կա մեծ աշխատանքային բաց, և խոչընդոտող հանգամանքներ, որոց մասին կանդրադառնամ, քիչ ավելի ուշ’’,- ասել է բանախոսը և հավելել. “Նշված հարցերի, սկզբունքների և ոլորտների հստակացումը, ամենևին էլ չի նշանակում, միջամտել, միջամուխ դառնալ, խանգարել գործընթացները, խոչընդոտել դիվանագիտական քայլերը և վնասել միմյանց հեղինակությունները, ընդհակառակը՝ նման հստակացումները կարող են երաշխավորել փոխադարձ հեղինակության բարձրացումը և աշխատանքային արդյունավետությունը”:

Կ. Հակոբյանը շեշտել է. “Թերանալն այս հարցում, հանգելու է համընդհանուր վստահության ճգնաժամի առաջացման և աճման: Հետևաբար ԵՀՀ-ի կողմից քննարկումների որպես արդյունք, այս կապակցությամբ կատարում եմ առաջարկություններ, որոնք կարող են ծառայել առավել մասնագիտական և հանգամանալից քննարկումների և հստակացումների”:

Սփյուռքին վերագրվող տեսակետների մասին, բանախոսր կատարել է հետևյալ հստակացումը.

Միամիտ կամ չարամիտ կերպով տարածվել է մի անհստակ ու անորոշ տեսակետ, որ իբր թե Սփյուռքը հակառակ է, Հայաստան-Թուրքիա որևէ տեսակ հարաբերության հետ: Թեև սփյուռքում ներկա պահին չի կարող լինել միասնական տեսակետ, սակայն կարելի է հավատալ, որ ցանկացած շրջահայաց սփյուռքահայ, առանց միամտորեն մեծ ակնկալիքներ ունենալու ՀՀ-Թուրքիա հարաբերությունից, նման մոտեցում չի դրսևորել: Հետևաբար, անհրաժեշտ է հստակեցնել հետևյալ մի քանի կարևոր հանգամանքները, որպես նախադրյալ:

Հայաստանի Հանրապետությունը իր անկախության 20 տարիներում, երեք տարբեր մոտեցում է ցուցաբերել Թուքիայի նկատմամբ:

- “ա. 1990–ական թվականների սկզբնական տարիներում, ՀՀ-ը միջազգային հանրության առջև բացահայտորեն հայտարարեց, որ Ցեղասպանության հարցը, որպես ՆԱԽԱՊԱՅՄԱՆ չի արծարծում Թուրքիայի հետ իր հարաբերություններում, հավելելով, որ “մեր սերնդի առաքելությունը Արցախյան հարցի բարենպաստ հանգուցալուծումն է”: Միջազգային հանրության դիմաց ՀՀ-ի կողմից նման միակողմանի զիջում կատարելու հայտարարությունը, զինաթափում էր Թուրքիային, ՀՀ-ից նոր զիջումներ ակնկալելու, կամ նախապայմաններ կորզելու հնարավորությունից: Նոր պահանջներ ներկայացնելու դեպքում, ցեղասպանության ոճիրի համար մեղադրվող Թուրքիան Միջազգային հանրության կողմից միանգամայն կդիտվեր, որպես ագրեսիվ կողմ: Այդ մոտեցումով Երևանը, ազատվում էր որևէ այլ նախապայմանի ստանձնումից, լիներ դա սահմանների ճանաչման հարց, կամ պատմական հարցեր ուսումնասիրող միջպետական հանձնախմբեր կյանքի կոչել և այլն: ՀՀ-ի կողմից նման մոտեցումը, ոչ միայն չէր արգիլում, որ սփյուռքը պայքար ծավալեր Թուրքիայի դեմ, այլ նաև չէր արժեզրկում Ցեղասպանությունը, աժան խաղաքարտի վերածելով և Թուրքիայի հետ սահմանափակ հարցեր լուծելու հավանական երազանքով: Առավել չէր խոչընդոտում, Սփյուռքի ծավալած Ցեղասպանության դատապարտման գործընթացը, որից կարող էր մեծապես շահել, նույնինքն ՀՀ-ը՝ Թուրքիայի հետ իր հարաբերություններում:

- բ. 2000թ.-ի սկզբից, մի քանի տարվա համար ՀՀ կողմից Թուքիայի դեմ արծարծվեց, Ցեղասպանության հարցը, նույնիսկ ՄԱԿ-ի ընդհանուր ժողովում, ՀՀ նախագահի բերանով նշվեց այդ մասին, առանց երբեք, հետևողականորեն հետապնդելու կամ միջազգաին ասպարեզում իրավական հայցով հանդես գալու. հետևաբար, աղմկարարությունից և սահմանափակ լարվածությունից հետո, հարցը ինքնաբերաբար փակվեց ՀՀ-ի կողմից և ՀՀ-ը ինքնակամ մտավ առավել մեկուսացման ժամանակահատված:

- գ. Երրորդ ժամանակաշրջանի ՀՀ-Թուրքիա առնչությունների առանցքը հայտնի “արձանագրություններն” էին որով ՀՀ-ը պարտավորվում էր Թուրքիայի հետ “պատմական հարցեր ուսումնասիրող միջպետական ենթահանձնաժողով” ստեղծել, առկա “սահմանները ճանաչել”, Հայաստանում, Թուրքիայի “անվտանգությունը” խանգարող երևույթների դեմ պայքարել, ՀՀ-ի և երրորդ երկրների հարաբերություններում, Թուրքիայի միջամտությունը հանդուրժել և… այլն: Արձանագրություններով բազմաթիվ միակողմանի զիջումներ կատարելու ՀՀ-ի հանձնարարության պատճառները մինչ օրս մնում են անհայտ, որով ՀՀ իշխանությունը ոչ միայն վիժեցրել է Սփյուռքի վերջին տասնամյակների դժվար և նախքինի հետ անհամեմատելիորեն արդյունավետ պայքարի երթը, այլև վնասել նույնինքն ՀՀ-ի վարկը, որպես մի պետություն, որ իր ԱՄԵՆԱՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ հարցը պատրաստ է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի նման մի պետության հետ, որ այսօր իսկ շարունակում է պայքարել Ցեղասպանության հիշողության դեմ: Առավել անհասկանալի է “արձանագրությունները” չեղյալ չհամարելու ՀՀ-ի համառությունը, երբ Թուրքիան հայկական պատվիրակությանը իր պայմանները պարտադրելուց հետո, արդեն շուրջ երեք տարի է, ինչ այն մի անկյուն է նետել”:

Այնուհետ Կ. Հակոբյանը եզրակացրել է.

- “ ՀՀ-ը, որպես ինքնիշխան պետություն, բնական է, որ պետական անվտանգության ու շահի գիտակցությամբ և բազմաթիվ այլ հաշվարկներից մեկնած հարաբերություններ մշակի տարբեր պետությունների հետ: Նման քայլերի նկատմամբ առավելագույն հասկացողությամբ են վերաբերվելու Սփյուռքի լայնախոհ շրջանակները: ՀՀ- Թուրքիա հարաբերություններում ևս, ինչպես պատահեց անկախության առաջին տարիներում, ՀՀ-ը կարող է միակողմանիորեն հայտարարել, որ Ցեղասպանության հարցը որպես նախապայման չի արծարծում Թուրքիայի հետ իր հարաբերություններում, նույն ժամանակ ՀՀ-ը պետք է խուսափի, որևէ տեսակ համաձայնությունից, որով պարտադրվում է պատմական միատեղ հարցեր ուսումնասիրելու կամ սահմաներ ճանաչելու հարկադրանքին: Երևան- Անկարա հարաբերությունները չեն կարող Սփյուռքի կողմից լուրջ ընկալվել, երբ այդ հարաբերության “շահավետության” մասին, ինչպես պատահեց նախկինում, խոսում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը”:

Սփյուռք- Թուրքիա առնչություններ.

Անդրադարնալով Սփյուռք- Թուքիա առնչությունների մասին Կարո Հակոբյանը հայտարարել է.

“Հայաստանի Հանրապետության նկատմամբ որդեգրած իր քաղաքականության առընթեր, Թուրքիան մի կողմից ապատեղեկատվություն տարածեց, որ հայկական սփյուռքն է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կայացման խոչընդոտողը, իսկ մյուս կողմից միջազգային հանրությունը մոլորեցնելու նպատակ հետապնդելով, հայտարարեց, որ պատրաստ է երկխոսություն սկսել հայկական սփյուռքի հետ: Գերմանիայում հաստատված, Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի հետ թուրք դեսպանի կերուխումն ու գրկախանվելը, որի լուրը թուրքական լրատվամիջոցները լայնորեն և մեծ խանդավառությամբ տարածեցին համացանցում, որպես թուրքական քաղաքականության հաղթանակ, վկայում է թուրքական քաղաքական իշխող էլիտայի էժանգին խորամանկությունը:

ԵՀՀ-ը համոզված է, որ տարագիր սփյուռքը, ո՛չ մի երկխոսություն չի կարող սկսել Թուրքիայի հետ, առանց Թուրքիայի իշխանության կողմից 1915թ.-ի Մեծ Եղեռնը պաշտոնապես ընդունելու և հատուցման պատրաստակամություն հայտարարելու: Ո՛չ մի սակարկություն չի կարող տեղի ունենալ այս հարցում, որովհետև Ցեղասպանության ԺԽՏՈՒՄԸ, Ցեղասպանությունը կատարելուց ավելի մեծ հանցանք է:

Սփյուռքի հետ երկխոսության դիմաց, Թուրքիայի կողմից ՀՀ-ին ներկայացվող Տրապիզոնի կամ մի այլ նավահանգիստ բացելու թակարդային առաջարկների ընդունելը հավասար է ինքնակամ մտնել թուրքական լարված ծուղակ: Խուսափելու համար անախորժ լուրջ բացասական անակնկալներից և ինքնագլուխ կամայականություններից, որ կարող են վնասել թէ մեր պետական շահը և թէ մեր իրավունքների վերականգնման պայքարը, առաջիկա հանգրվանում հայությունը պարտավոր է, միջազգային իրավունքի դիտանկյունից քննարկել և հստակեցնել իր պահանջները և մարտավարությունը. պետք է քայլ առ քայլ հեռանալ մեր պահանջները դրոշմելով “որ Ցեղասպանությունները չկրկնվեն” շատ լղոզված արտահայտությունից կամ ըհդհակառակը՝ փոքր հաջողությունների մասին ամբագոռգոռ ճառելուց: Այս հարցում պետք է լինել շատ զգոն, աչալուրջ և նախապատրաստված: Մենք պարտավոր ենք հավատալ մեր աչքերին, ոչ թե ականջներին”:

ՀՀ-Սփյուռք հարաբերությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին

ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ներկա մակարդակը խստորեն քննադատվելով, բանախոսը կատարել է առաջարկություններ.

Ամեն մի գնահատական նախ և առաջ ինքնագնահատում է, հետևաբար հնչող տեսակետները թող չդիտվեն որպես քննադատություն, այլ բարեփոխման հստակ առաջարկություններ:

Դժվարանում եմ առարկայականորեն մատնանշել մի համընդհանուր նպատակ կամ խնդիր, որ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները դրել են իրենց առաջ և հասել են դրա արդյունավետ իրականացմանը: Ութից տաս միլիոնանոց Սփյուռք ունեցող Հայաստանի, տարիներ փորձ ունեցող “Հայաստան” համահայկական հիմնադրամի թելեթոնը տարեկան գոյացնում է մի խղճուկ գումար՝ շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար, (տարեկան 1.5 դոլար ամեն մի սփյուռքահայի կողմից). իսկ եթե հաշվի առնենք, որ այդ գումարի 80-90%-ը գոյանում է անհատ ձեռներեցներից, ապա նշանակում է սփյուռքահայության գրեթե ամբողջական բացակայությունը այդ դրամահավաքից: Այս իրականությունը ինքնին խոսուն է և մեկնաբանություններ չպահանջող:

ՀՀ իշխանությունների նկատմամբ վերապահությո՞ւնը, սփյուռքի կառույցների անտարբերությո՞ւնը կամ անարդյունաբերությո՞ւնը, կամ սփյուռքահայության այլասերո՞ւմը, ո՞րն է պատասխանատու այս անարդյունավետության համար:

Բնականաբար, խոսքը նրանում չէ, որ հրաժարվենք, գոյություն ունեցող կառույցներից. չպետք է քանդել, այլ պիտի նորացնել կամ՝ նորը կառուցել:

Հարցը իհարկե միմիայն ֆինանսական ասպարեզին չի վերաբերվում:

Հայաստան-Սփյուռք Համակարգող կառույցների բացակայության պայմաններում, նույնիսկ մանր դիվանագիտության ասպարեզում խոշոր վրիպում կարող է տեղի ունենալ։

Սփյուռք- Հայաստան համապատասխան մշտական գործող կառույցների բացակայության պայմաններում, ամեն մի սփյուռքյան կամ հայաստանյան կազմակերպություն իրեն կարող է վերապահել քաղաքական ամենապարզ և ամենաբարդ հարցի նկատմաբ անպատասխանատու հայտարարություն կատարելու իրավունք: Հայտարարություն, որ կարող է, ՀՀ պետականության կամ ամբողջ Սփյուռքահայությանը դնել անհաճո կամ անելային վիճակում”:

Ասյ կապակցությամբ բանախոսը ներկայացրել է օրինակ.

“2010թ. Ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցելով հայ ժողովրդին 1915թ.-ի եղելությունները Ցեղասպանություն՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ որակեց:

Եթե հայ ժողովուրդը 1915թ.-ի Ցեղասպանությունը ԵՂԵՌՆ է անվանում և ԱՄՆ նախագահը ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ, այդ դեպքում ո՛չ թէ անխոհեմաբար պետք է բողոքել ԱՄՆ-ին, այլ շնորհակալական հայտարարությամբ հանդես գալ և մեծ լարվածություն առաջացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Մինչ դեռ ԱՄՆ-ում ներկա հայկական մի կազմակերպություն, ինքնագլուխ որոշեց, որ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ կամ ՀՈԼՈԿՈՍՏԸ Ցեղասպանություն չի նշանակում, հրապարակեց հայտարարություն և Սփյուռքի և ՀՀ թերթերը հրապարակեցին ու ապա կրկնեցին նույնը, առանց խորհելու այն մասին թե՝ այդ քայլը ինչքանով ի նպաստ կամ ի վնաս է հայկական շահին”:

Բանախոսի կարծիքով, նման Օրինակների շարանը, իհարկե կարելի է երկարացնել, սակայն ըստ նրա, նպատակը դեպի հետ նայել չէ, այլ դեպի առաջ, դեպի ապագա:

Սփյուռք – Հայաստան հարաբերությունների արդյունավետության համար, Կարո Հակոբյանը կատարել է հետևյալ առաջարկությունները.

“Կառաջարկենք, որ ՀՀ համապատասխան մարմինները պատասխանատվություն ստանձնեն և ավելի մոտ հարաբերություններ մշակեն Սփյուռքում լոբբիստական աշխատանք ծավալած կազմակերպությունների հետ: Կառաջարկենք, որ ՀՀ համապատասխան մարմինները ավելի արդիականացվեն, փոփոխություններ մտցնեն իրենց գործելաձևում, չբավարարվեն ներկա ոչ այնքան բավարար արդյունքներով: Չբավարարվել Սփյուռքի ներկա ֆորմալ հարաբերություններով, կառույցներ, որ մեծ մասամբ զբաղվում են տարեկան կառուսելային միապաղաղ միջոցառումներով. կառույցներ, որոնք ավելի շատ ակումբներ են, քան քաղաքական միավորներ, որոնք առաջնորդվում են ակումբային շահերով, փոխարեն զբաղվելու հայ հասարակությանը հուզող խնդիրներով և իրավունքներով:

Պատասխանատվությունը, ի հարկե ամբողջությամբ չպետք է հասցեագրել Սփյուռքին: Սփյուռքահայությունը Հայաստանին տեսնելով պետք է հպարտանա, պետք է ունենա ներշնչման աղբյուր:

Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր դրական քայլ սփյուռքում ընդունվում է ոգևորությամբ և յուրաքանչյուր բացթողում ու թերություն իր հետ բերում է հիասթափություն”:

Նա որպես վերջապան հավելել է.

“Այս բոլորը իհարկե չեն կարող փոխվել միանգամայն: Առկա են զարգացման և փոփոխությունների առջև լուրջ խոչընդոտներ: Բայց անհաղթահարելի բան չկա: Հառաջիկա հանգրվանում անելու շատ բան կա:

Եվրոպայի Հայերի Համագումարի անունից հայտնում եմ հանուն Հայաստան- Սփյուռք, միասնական ճակատի մեր անվերապահ համագործակության պատրաստակամությունը: Հանուն պետականության հզորացման, հանուն մեր ոտնահարված իրավունքների վերականգման, հանուն արդարության”:

------------------------------------------------------------------------------------------------------

Եվրոպայի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդաժողովը կայացավ ս.թ. հուլիսի 22-ին, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տանը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք գործակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հանդիպումների շրջագծում: Խորհրդաժողովին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Եվրոպայի բաժնի պատասխանատուներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Պր. Վիգեն Չեթեճյանը և հյուպատոսը, ֆրանսահայ համայնքի և Եվրոպայի մի շարք այլ երկրների հայ համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը