Լրահոս

28.06.2013 11:43


Հանրային Խորհրդի, գիտնականների և ԲՈՀ-ի նախագահի մասին

Հանրային Խորհրդի, գիտնականների և ԲՈՀ-ի նախագահի մասին

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ պրն. Վազգեն Մանուկյանին փոխանցվեց մի դիմում-նամակ (հաշվառման համար Ա-265), որում ասվում էր հետևյալը`

«Սույն թվականի օգոստոսի 26-28–ը Ծաղկաձորում առավելագույն միջազգային ցուցանիշներ ունեցող երիտասարդ գիտնականների, վարչական աշխատանքի փորձ ունեցող` բարձր-վարկանիշային, ավանդ ունեցող ավագ սերնդի գիտնականների, ՀՀ գիտական հաստատությունների տնօրենների, ՀՀ ԳԱԱ Ազգային ակադեմիայի նախագահության անդամների, տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ ու բազմաթիվ լրագրողների ներկայությամբ և մասնակցությամբ, հանգամանորեն քննարկվեցին` խոր մասնագիտական վերլուծություններով, գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների, Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի բազմաթիվ հնարավորությունների վերաբերյալ, որոնք առ այսօր անտեսված են։ Հիմնավորվեց ու հաստատվեց, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ ավելացնել գիտության ֆինանսավորումը, քանի որ ներկա վիճակը սպառնում է ինտելեկտուալ աղետով առաջիկա ապագայում։

Ելնելով այն հայտարարությունից, որ արել են քաղաքական կուսակցությունները՝ ՀՀ գիտության ֆինանսավորումը բյուջեից հասցնել 3 տոկոսի, դիմում ենք Ձեզ խնդրանքով հնարավորինս շուտ այս տեսակետը քննարկել հանրային խորհրդում և հասցնել այն ՀՀ նախագահին: Մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են, որ հապաղման յուրաքանչյուր օրը հակասում է հանրապետության զարգացման հռչակագրած ռազմավարությանը, սպառնում է ազգային անվտանգությանը և ընդհանրապես վտանգավոր է երկրի համար»:

Սույն դիմում-նամակի տեքստի ներքո ստորագրել էին ՀՀ ԳԱԱ թվով 6 ինստիտուտների գիտաշխատողներ և աշխատող անձնակազմ (200-ից ավել ստորագրություն):

Ի գիտություն հանրությանը՝ ՀԽ կողմից չի ստացվել նամակ-դիմումին ո՛չ համապատասխան պատասխան, ո'չ համապատասխան մամլո հաղորդագրություն, չի արվել ո՛չ մի քայլ ընդառաջ այդ դիմումին (օրինակ` ավելի համապարփակ քննարկումների հրավեր):

Պատմության մյուս կողմն այն է, որ վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների` ՀՀ ԲՈՀ աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկություններին ընթացք չտալու պատճառով ՀՀ ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստացավ նկատողություն։

Սա թերևս կապ չէր ունենա քիչ առաջ շարադրածի հետ, եթե չլիներ մի հետաքրքիր զուգադիպություն: Պարոն Արտուշ Ղուկասյանը նաև հանդիսանում է ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ և, փաստացի օգտագործելով իր դիրքը ՀԽ-ում, վերջինիս կողմից ստացավ «աջակցության» հաղորդագրություն, որում ՀԽ փոքր նիստի մասնակիցներն արձանագրում են, որ պրն. Ղուկասյանի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: ՀԽ մամլո պատասխանատու Անի Գասպարյանն էլ իր հերթին պարզաբանել է այս հարցը` ասելով, որ «Դա հանրային հնչեղություն ունեցող, այլ ենթատեքստեր պարունակող խնդիր է: Եթե պարզապես հրաման լիներ, գուցե չանդրադառնայինք: Բայց սա ուրիշ հարց է, հատկապես, որ Ղուկասյանը Հանրային խորհրդի անդամ է»։

Այսպիսով ստացվում է` 200-ից ավել գիտաշխատողների, ՀՀ քաղաքացիների նամակը չարժանացավ որևէ պատասխանի 1 տարի 8 ամիս և 28 օրվա ընթացքում, իսկ Ա. Ղուկասյանի բողոքի արձագանքը ստացվեց 4 օրվա ընթացքում, և ի՞նչն է պատճառը` «Բայց սա ուրիշ հարց է, հատկապես, որ Ղուկասյանը Հանրային խորհրդի անդամ է» արտահայտությունը թերևս ամբողջությամբ այն արտահայտում է:

Ստացված իրավիճակը շտկելու համար տեսնում ենք մեկ ելք՝ կամ պրն. Վ. Մանուկյանը հայտարարում է խիստ նկատողություն պրն Ա. Ղուկասյանին՝ գիտաշխատողների դիմումն անպատասխան թողնելու (արհամարհելու) համար, կամ ՀԽ-ն իրոք գործում է որպես անօգուտ մի կառույց, որտեղ «լուծվում» են միայն անձնական խնդիրներ:

Սարգիս Հայոցյան

«Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը