Լրահոս

30.06.2013 16:56


Բաց նամակ երկրի նախագահին

Բաց նամակ երկրի նախագահին

Ողջույն մեծարգո հոբելյար Սերժ Սարգսյան

Ես հարկ եմ համարում շնորհավորել Ձեր ծնունդը այն մայրերի անունից, որոնց որդիները ճակատագրի հարվածով դարձել են դատապարտյալ: Ինչ-որ տեղ բարի նախանձով եմ նայում Ձեր մորը, ինչ-որ տեղ՝ ոչ:

Ոչ, որովհետեւ Ձեր հանդուրժողականության, հանդարտության եւ մեղմության շնորհիվ հենց Դուք թույլ տվեցիք հյուսել սարդոստայն նախագահի եւ ժողովրդի միջեւ, իսկ սարդոստայնում կառավարության անդամներն ու վայ պատգամավորներն են վխտում: Ցավում եմ, բայց պիտի խոստովանեմ, որ հենց նրանք էլ շատ դանդաղ, բայց հաստատուն փորում են Ձեր գերեզմանը:Երկրաշարժը մեզ կրկնակի հոգու եւ սրտի աչքեր տվեց, իսկ այ կառավարության անդամներին եւ պատգամավորներին լափելու ախորժակ, որոնք բռնվելով Ձեր ոտքերից աստիճանաբար տանում են Ձեզ դեպի ճահիճ: Այսօր Դուք լռում եք… որովհետեւ Դուք շրջապատված եք հուդաներով, վիրավորանքը խեղդում է Ձեզ, ես հասկանում եմ: Բոլորիս դատը թողնենք Բարձրյալին: Չէ՞ որ Դուք Աստծո օծյալ թագավոր էիք, ինչու՞ նրանից չխնդրեցիք իմաստություն: Այսօր Դուք պիտի արժեվորեք այն մարդկանց, ովքեր Ձեզ չեն ընտրել: Չընտրելով նրանք ըմբոստացել են կառավարության դեմ, պատգամավորների դեմ, դատա-իրավական համակարգի դեմ: Մի՞թե Ձեր աչքերը չբացվեցին պարոն նախագա՞հ:

«Ինչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի»: Ի դեպ սա աստվածաշնչյան խոսքեր են /Մաթ. 17-26/:

Հիմա հասկացաք թե ինչու նաեւ նախանձում եմ Ձեր մորը:

Դուք նրան տվել եք մտորելու առիթ: Իսկ մայրերը անշահախնդիր են, բարի եւ իմաստուն: Ինչպես միշտ բոլոր մայրերը իրենց տեղում են (պոստում): Եթե նրանց նման Ձեր շրջապատն էլ տեղում լիներ, Դուք չէիք կորցնի վստահությունը եւ կապը ժողովրդի հետ: Ձեր ծննդյան օրվանից փորձեք կապ ատեղծել հայ ժողովրդի հետ, անկեղծացե՛ք, նրանք Ձեր խոսքին են սպասում: Դուք բանասեր եք. «Թագավորն ու չարչին» ծանոթ է Ձեզ: Մտեք ժողովրդի մեջ, նրանք Ձեզ ավելի շուտ կհասկանան, իհարկե եթե անկեղծ եք: Ձեր շրջապատից Ձեզ հավատարիմ է միայն Ձեր ընտանիքը, հավատացնում եմ: Արթնացե՛ք, բացեք Ձեր խղճի դռները հասարակ ժողովրդի առջեւ:

Այսօր իմ միակ կերակրողին 10.000 դրամի համար դատապարտել են դաժան հոդվածով: Պարոն նախագահ Գյումրիից դատավոր Հարություն Մովսիսյանին, դատախազ ոմն Սադոյանին, քննիչ Ալեքսանդր Գրիգորյանին (որի զույգ տղաները առանց ծառայելու հայրենիքին վայելում են Եվրոպան) Նախշքարյանին եւ այլոց հարիր է միայն դիահերձողի որակավորում:

Անփորձ, հաշմանդամ, անհայր ընտանիքի գլխին դիզեցին պլանային կամ շինծու կողոպուտ, որի բացահայտման միակ արժեքավոր վկան ես էի եւ ինձ խոսքի իրավունք չտվին որ բացակայել եմ բոլոր նիստերին վա՜յ փաստաբանի հորդորով, վերջին խոսքի իրավունքով: Տեսնո՞ւմ եք ինչ փչացած համակարգ է:

Իմ թշվառ թոշակից (18.000 դրամ) հացիս հաշվին ծխախոտ են ուղարկում տղայիս՝ կալանավայր: Էլ չեմ խոսում դեղորայքի մասին: Դաժան հոդացավ, ստամոքսացավ, ատամնաքայքայում, մազաթափություն- ահա այն շարքը, որ ձեռք բերեց նա կալանավայրում: Իսկ արդարադատության նախարարը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի ամսեկան 124.000 դրամ է հատկացվում: Զավեշտ: 10.000 դրամի համար Հայաստանի բյուջեից որդուս 4 տարվա համար կօգտագործվի 5 մլն 952.000 դրամ: Սա էլ մի ատկատի ձեւ է: Բա՜: Այնինչ հենց այսքան գումար Դուք առանձին-առանձին պիտի գանձեք դատավոր Հարություն Մովսիսյանից, դատախազ Սադոյանից, քննիչ Սաշիկ Գրիգորյանից (միեւնույն է տղաները արտասահմանից ֆինանսավորում են), Գյումրու 2-րդ միլբաժանմունքի պետի տեղակալ (այժմ պետ) Նախշքարյանից: Այո՛, այս անգրագետ, կույր անխիղճ, շփացած մարդկանցից մեկ-մեկ պիտի գանձվի 5 մլն 952.000 դրամ, որ հիշեն իրենց հոր հարսանիք: Եվ քա՜նի-քանի՜ այդպիսի դատապարտյալի գումար է ատկատվում:

Նայում եմ հանրապետությունում ընթացող քրեական գործերը, ովքեր միլիոններով եւ միլիարդներով են կողոպտել: Ու՞ր է ճշմարտության գործոնը:

Խնդրում եմ Ձեզ օգնեք, շուտով կլրանա տղայիս պատժի 2 տարին: Ես հավատացած եմ, որ խղճի գործոնը, ինչու ոչ նաեւ օրենքը Ձեր մեջ խոսում է: Միայն խնդրեցեք Աստծուց իմաստություն եւ Դուք պատվով ու հաղթանակած դուրս կգաք Աշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի եւ ինչու ոչ իմ հոգսաշատ ընտանիքի առջեւ: Աստված Ձեզ օգնական:

Բարի ծնունդ, երկար կյանք, առողջ բանականություն եւ իմաստություն Ձեզ:

Սպասումով եւ ակնկալիքով 2–րդ խմբի թոշակառու՝ Փառանձեմ Աբգարյան:

30.06.13

ք. Գյումրի Մատնիշյանա

Այս խորագրի վերջին նյութերը