Մեկնաբանություն

04.07.2013 13:25


Էս մղձավանջը վերջ չունի

Էս մղձավանջը վերջ չունի

Մոտակա օրերին ազգի կեսը էլի պորտապար է պարելու: Համալիրում կամ ստադիոնում (լավ չլսեցի, թե համերգը որտեղ է լինելու): Ջահել ու հասուն տղամարդիկ՝ ճմրթած թաշկինակները օդում, իսկ կանայք ու աղջիկները՝ գլուխը-մազերը խելագար թափահարելու են, կոնքերը քանդուքարափ են անելու, մյուսները ուժգին շվվոցներով ու ծափերով շախ են տալու…

Այո, այո, հենց այդպես՝ քյաբաբա-սխտորա-գերեզմանոցային երգ-երաժշտության համար հաճույքից մեռնողները մեզ խելակորույս «օրգիաներ» են ցույց տալու՝ մինչեւ գիտակցության կորուստ հավասար երգելու եւ պարելու են:
Դե, էս պահին դեռ չեմ կարող ասել, թե քանի աթոռ են ջարդելու՝ էդ իրենց ինքնամոռաց ու անջատված պորտապարի ու ցատկոտումնրի ժամանակ....
Բոլոր հեռուստաընկերությունները, գլամուռային ամսագրերը, բոլոր-բոլորը լայնորեն լուսաբանելու-գովազդելու են անհայտ տարիքի մուղամ-տաշի երգողին:
Արդեն իսկ քաղաքը «զարդարված» է նրա մեծադիր նկարներով: Արդեն իսկ մի քանի հեռուստաընկերություններ ռաբիս գաստրոլյորին «խոսեցրել» են ու պարզել, որ համերգի ժամանակ «հնչելու են հին ու նոր երգեր, լինելու են անակնկալներ, հզոր տեխնիկա»:
Մի խոսքով, կարոտից հալումաշ եղած ազգին «հոգեւոր բում» է սպասվում:
Արմենչիկն արդեն ժամանել է: Ու սրան գովազդում ու տարփողում են ցնծությամբ: Դե, Մոնսերատ Կաբալյեն էդքան չարժեր, որ Արմենչիկի չափ գովազդեին:
Մղձավանջ է, երկիր չի...
Ամեն անգամ, երբ լսում եմ նման «զեյնաբային» համերգների մասին, մտածում եմ՝ լավ, ի՞նչ իմաստ ունի այսուհետ արտաբերել «արժեհամակարգ» բառը:
Մի՞թե դրա ձեւավորումը որեւէ մեկին պետք է կամ՝ որեւէ մեկը մտահոգված է դրանով:
Ռաբիսի «արքաները» վաղուց նվաճել են պրոֆեսիոնալ բեմահարթակները ու հարսանիքա-պանիխիդային համերգներ են տալիս պետական դահլիճներում:
Ուրեմն՝ արժեհամակարգի մասին խոսելն այլեւս ժամանակավրեպ է:
Փառք Աստծո, որ արաբա-թուրքական մելոսի հայ կատարողները դեռեւս մտադրություն չունեն իրենց հարսանիքներն ու կնունք-ծնունդները Օպերայի դահլիճում կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում անել (թեեւ, չենք զարմանա, որ բանը դրան էլ հասնի):
Առայժմ, սրանք իրենց հարսանեկան հանդեսները անում են ռեստորաններում, որոնք նույնպես լայնորեն լուսաբանվում են:
Առաջիկայում, օրինակ, նման մի հարսանիք սպասվում է «Հարսնաքարում»:
«Աստղային զույգին», որի «երգացանկում» միայն մուղամ, կլկլոց ու ոռնոց է, բնավ չի անհանգստացնում այն, որ այդ ռեստորանում մեկ տարի առաջ մարդ են սպանել:
Ահա եւ ձեզ «արժեհամակարգ»՝ հար եւ նման իշխանության արժեհամակարգին:

Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք Տիգրան Սարգսյանը մասնակցելու՞ է Արմենչիկի համերգին։ Թաթայի համերգի ժամանակ մեր հանրությունը հասցրեց ահագին զվարճանալ բոլոր ոլոլոլորտների մասին ասված վարչապետի խոսքից։ Օֆշորային սկանդալից հետո Տ. Սարգսյանը հաստատ ասելիք կունենա նոր ոլոլոլորտների թեմայով։ Մնում է, որ պապու ասածներին հետևի ու չխմողների հետ չշփվի։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը