Մեկնաբանություն

04.07.2013 19:58


Սահմանափակ պատասխանատվությամբ վարչապետը

Սահմանափակ պատասխանատվությամբ վարչապետը

«Եկել է պատասխան տալու ժամանակը»,–նախագահականում տեղի ունեցած «հակակոռուպցիոն» թեմայով խորհրդակցության ընթացքից ոգևորված` այսօր հայտարարել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի ձայնը, անշուշտ, տաք տեղից է գալիս, քանզի Սերժ Սարգսյանը հրապարակավ հերքեց Վերահսկիչ պալատի բացահայտումները և Աղվան Հովսեփյանին հրապարակավ ցուցում տվեց սխալ հանել Իշխան Զաքարյանին։ Այդպես վարվելու սահմանադրական լիազորություններ Սարգսյանը չուներ, բայց դե Սահմանադրության մասին գրեթե բոլորը վաղուց մոռացել են և հիշում են միայն այն ժամանակ, երբ պարզում են, որ այդ օրն աշխատանքային չէ։

Դե, իսկ օֆշորի թեման ՀՀԿ ղեկավարը «նրբորեն» շրջանցեց, ինչը նշանակում է, որ նույն Աղվան Հովսեփյանը պետք է ձգտի ապացուցել, որ Տիգրան Սարգսյանն այդ հարցում ևս անմեղ է, ինչպես Վելինգտոնի դքսուհին։

Այս պայմաններում պարզապես ցինիզմ է հայտարարելը, թե եկել է պատասխան տալու ժամանակը։ Եթե ինչ–որ մեկը պետք է պատասխան տա, ապա դա Տիգրան Սարգսյանն է։ Ընդ որում՝ ոչ միայն օֆշորի և բյուջետային միջոցների «ատկատացման», այլ նախևառաջ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի թուլացման, բնակչության նվազեցման և Ադրբեջանին պատերազմի մղելու համար։

Եթե վարչապետը խոսում է այն մասին, որ եկել է պատասխան տալու ժամանակը, ապա հարկ է արձանագրել, որ իր պատասխան տալու ժամանակը վաղուց է անցել։ Այդ առումով Տիգրանը «ժամկետանց» է և իր աթոռին մնում է բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ։ Իսկ անփոխարինելի է Տիգրանը Սերժի համար այն պարզ պատճառով, որ դժվար է նման երկրորդին գտնելը, ով կհամաձայնի հայկական տնտեսության Թալեաթ փաշան դառնալ՝ հանուն գերկենտրոնացված տնտեսության ստեղծման։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ ԿԲ–ն վարում էր ազգային դրամի արժևորման քաղաքականություն, ինչը հանգեցրեց արտահանման կրճատման, տեղական արտադրության ծավալների փոքրացման և ներմուծման աճին։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ կասկածելի էժան գնով վաճառեց ՀՀ պահուստային ոսկիները։ Ճիշտ է, նա արդարանում է, թե էժան գնել ու թանկ վաճառել է, սակայն այն օրերին միայն մանկահասակները չէին կարող իմանալ, որ ոսկին միջազգային շուկայում կտրուկ թանկանալու է։ Այսինքն՝ չափահաս տարիքի յուրաքանչյուր մեղսունակ անձ կարող էր ոսկու կտրուկ թանկացումը կանխատեսել, բայց արի ու տես, որ մեծն ֆինանսիստը չէր կանխատեսել։ Եթե դա այդպես է, և Տիգրանը չէր կանխատեսել մի բան, որը կանխատեսում էին բոլորը, ապա նա առնվազն «պռոֆնիգոդնի» պետք է հռչակվեր և հեռու պահվեր պետական կառավարման համակարգից, մինչդեռ նրան ավելի առաջ տարան ու նշանակեցին վարչապետ։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ կանխատեսեց, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու դեռ մի բան էլ մենք կօգտվենք դրանից, սակայն 2009–ին դոլարային հաշվարկով մենք ունեցանք աշխարհի ամենամեծ անկումը՝ ավելի քան 35%: Վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունը չի կարողացել վերադառնալ նախաճգնաժամային վիճակին։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ մեկ գիշերվա մեջ իշխանությունը, գրպանահատի պես, թեթևացրեց այն մարդկանց գրպանները, ովքեր հավատացել էին կայուն և արժևորվող դրամի քարոզիչ Տիգրանին ու խնայողությունները պահել դրամով։ Ինչպես հայտնի է, 2009թ. մարտի 3–ին Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը որոշեց «լողացնել» դրամի փոխարժեքը՝ ավելի քան 25 տոկոսով թուլացնելով այն։ Մինչև այդ՝ իշխանությունը հասցրել էր «Պայքարում ենք ինֆլյացիայի դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո 700 մլն դոլարի չափով մսխել ՀՀ պահուստային դոլարները, որոնք հետագայում վերականգնվեցին արտաքին պարտքի ավելացման գնով։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ բացահայտվեց նրա առաջարկած ծրագրերի «նյուվասյուկիստական» բնույթը։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ մեր արտաքին պարտքն ավելացրեց ավելի քան երեք անգամ, բայց հաջողացրեց զուգահեռաբար տնտեսական անկում ապահովել։

Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ պարզվեց, որ պեդոֆիլ խորհրդական է ունեցել։ Այդ խայտառակությունից հետո պարզապես բարոյական չէր աթոռին մնալը, բայց «Հայկական աշխարհի» ճարտարապետը մնաց։

Եվ վերջապես, Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տար այն ժամանակ, երբ հայտարարեց, որ չեն խոչընդոտում արտագաղթին, քանզի մնացողները կարող են հեղափոխություն անել։

Այնպես որ, ով ով, բայց Տիգրանն իրավունք չունի պատասխանատվությունից խոսել, քանզի ինքը սահմանափակ պատասխանատվությամբ վարչապետ է։ Նրա պատասխանատվության չափն ու ձևը որոշում է Սերժ Սարգսյանը, ով, ինչպես կյանքն է ցույց տալիս, շատ գոհ է «ատկատահեն» տնտեսության կառուցման ռահվիրայից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը