Մեկնաբանություն

09.07.2013 10:25


Այս համակարգի փլուզումն անխուսափելի է

Այս համակարգի փլուզումն անխուսափելի է

Երբ ասում ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում է բրեժնևաչեռնենկոյական ժամանակները, Էդուարդ Շարմազանովը եւ Արմեն Աշոտյանը նեղսրտում են: Բայց որքան էլ նեղսրտեն, միեւնույնն է, իրականությունը դրանից չի փոխվում:

Նրանց համար, ովքեր բրեժնեւյան կամ խորհրդային վերջին տարիները աղոտ են հիշում, քանի որ տակավին մանկիկ էին, մի փոքր նկարագրենք այն ժամանակ ստեղծված իրավիճակը եւ տիրող մթնոլորտը եւ համեմատենք ներկայի հետ:
Բոլորը, այդ թվում երկրի առաջին դեմքերը հրաշալի պատկերացում ունեին, թե ինչ վատ եւ հիմար վիճակում է գտնվում երկիրը, բայց այդ մասին խոսում էին միայն տանը` այն էլ խոհանոցի սեղանի տակ: Իսկ հրապարակային ելույթներում գովերգում էին երկրի բարձրագույն իշխանություններին, խոստանում հնգամյակը կատարել երեք տարում, նվաճել նոր բնագծեր:
Կուսակցական տոմսը ձեռք էին բերում որոշակի կլորիկ գումարով, քանի որ առանց այդ տոմսի անհնար էր բարձր պաշտոն զբաղեցնել եւ բարձր եկամուտներ ունենալ: Նույն այն մարդիկ, որոնք կուստոմսի համար անգամ տուն եւ ավտոմեքենա էին վաճառում, քթի տակ շարունակ հայհոյում էին երկրի ղեկավարությանը եւ խորհրդային կարգերին:
Եզակի բացառությունները չհաշված, բոլորը գողանում էին: Ընդ որում, գողանում էին ինչ կարող էին, ինչպես կարող էին: Հիմա որ շատերը երանությամբ են հիշում խորհրդային տարիները, իրականում երանությամբ են հիշում, թե ինչպես էին գողանում, ինչպես էին կեղծ գործողումայիններ գրում եւ մեծ գումարներ աշխատում, ինչպես էին իրենց հետ տուն տանում հիմնարկի ապրանքները, արտադրանքները կամ տասը ռուբլիով մի ամբողջ բեռնատար խաղող տանում շուկա եւ վաճառում:
Հիշում են, թե ինչպես էին հիվանդության բյուլետեններ գնում եւ մեկնում Մոսկվա կամ Կիև առեւտուր անելու: Հիշում են այս ամենը, բայց մոռանում, որ հայհոյում էին այդ երկրին էլ երկրի իշխանություններին էլ:
Հալածվում էին նրանք, ովքեր համարձակություն էին ունենում ասել, որ այնքան էլ լավ չէ երկրի վիճակը, որ ամեն ինչ այնքան է վատ, որ շուտով խորը ճգնաժամ է սկսվելու: Խրախուսանքի էին արժանանում քծնողները, կոմունիզմի մասին բոցաշունչ ելույթ ունեցողները եւ շեֆերին կաշառքներ տվողները:
Երկիրն այնքան բարոյալքվեց, որ գերմանացի մի պատանի իր սիրողական փոքրիկ օդանավով վայրէջք կատարեց Կրեմլի հենց սրտում` դամբարանի մոտ: Աֆղանստանում զոհվում էին զինվորները, բայց լրատվամիջոցներն այդ մասին ծպտուն անգամ չէին հանում: Կովերի կաթնատվությունը բարձրանում էր միայն թղթի վրա, բայց շքանշաններ էին բաժանվում կաթի մեջ ջուր խառնող կթվորուհիներին:
Բարձրագույն իշխանության ներկայացուցիչները ամենամեծ ախորժակով խժռում էին երկրի աղքատիկ բյուջեն, արտասահմաններում բացված հաշիվները լրացնում նորանոր գումարներով, իսկ երկրի բնակչությունը գնալով աղքատանում էր եւ երանությամբ ծամում ամերիկյան հրաշք ծամոնը:
Բազմաթիվ ստուգող կազմակերպությունները ստուգումներ էին անում բացառապես սեփական գրպանները լցնելու համար:
Կարելի է անվերջ խոսել խորհրդային վերջին տարիների մասին, բայց կարծում ենք այսքանը բավական է հասկանալու համար առկա նմանությունները: Իսկ հասկանալը դեռ քիչ է, անհրաժեշտ է սթափվել:
Մոլդովացի կասկածելի վարքի տեր փաստաբանը Հայաստանի ԱԺ-ում ամենազգայնական ադրբեջանցու նման մրոտում է մեր երկիրն ու բանակը: Միթե սա նույնը չէ, ինչ գերմանացի պատանու վայրէջքը Կարմիր հրապարակում:
Հունգարիան Ադրբեջանին է հանձնում մարդասպան մոլագարին, իսկ մեր երկիրը չի կարողանում խոչընդոտել այդ խայտառակ գործարքին: Հունգարական մի քաղաք համագործակցության պայմանագիր է կնքում Շուշիի հետ, բայց չգիտես ինչու, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Մեր ԱԳ նախարարությունը ձեւացնում է, թե նման բան չի եղել:
Իսկ այն ընտրություն կոչվածը, որ տեղի է ունենում Հայաստանում, գրեթե ոչնչով չի տարբերվում խորհրդային ժամանակների ընտրություններից:
Տիգրան Սարգսյանը հայտնվում է օվշորային խայտառակ պատմության մեջ, բայց ոչ հրաժարական է տալիս, ոչ էլ պաշտոնանկ արվում: Մարզպետի տանը մարդ է սպանվում եւ վիրավորվում, իսկ մարզպետը շարունակում է ազատ շրջել, երբ հենց իր տնից մի ամբողջ զինանոց է հայտնաբերվում:
ՎՊ-ն խայտառակ բացահայտումներ է անում, բայց պատժվում են ոչ թե չարաշահողները, այլ բացահայտողները` արժանանալով սուր քննադատության:
Իսկ որ ամենավատն է, գտնվում են մարդիկ, որոնք տարօրինակ համառությամբ փորձում են արդարացնել վարչապետին, փորձում են ապացուցել, որ ՎՊ-ն հեքիաթներ է հորինել, որ ընտրություններն ազատ եւ արդար են, որ երկիրը զարգանում ու զարգանում է, որ բյուջեն չի թալանվում, որ մեր ազգային անվտանգությունն ու ԱԳ նախարարությունը ամենալավն են եւ այսպես շարունակ: Իսկ հետո էլ ասում եք, թե ինչու ենք համեմատում ներկա իրավիճակը խորհրդային վերջին տարիների հետ: Չմոռանանք նաեւ, որ Նժդեհին էլ Լենին-2 սարքեցիք:
Ի դեպ, ոչ 1987-ին եւ նույնիսկ 1989-ին որեւէ մեկը չէր հավատում, որ համակարգն այդքան արագ կփուլուզվի: Այնպես որ, եթե դուք էլ չեք հավատում, որ այս համակարգի փլուզումն անխուսափելի է, ապա մի տխրեք, դա նորմալ է:

Հակոբ Ասատրյան
Աղբյուրը՝ http://www.top-news.am/index.php?newsid=20529&ng=11&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը