Մեկնաբանություն

09.07.2013 21:55


Սերժ Սարգսյանի հետագիծը

Սերժ Սարգսյանի հետագիծը

«Նախաձեռնողական» արտաքին ու «բարեշրջողական» ներքին քաղաքականության հետևանքով Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է հայտնվել, որ արդեն իմաստ չունի քննարկել, թե արդյոք Սերժ Սարգսյանը կկարողանա՞ շտկել իրավիճակը, կասեցնել արտագաղթը, կանգնեցնել տնտեսական անկումը և ապագաղջացնել մթնոլորտը։

Իմաստ չունի նաև քննարկել այն հարցը, թե արդյոք Սարգսյանը կհասկանա՞, որ Տիգրան Սարգսյանը «խփված քարտ» է։

Բանը բանից անցել է, և այժմ միակ արդիական հարցն այն է, թե արդյոք ի վիճակի՞ է Սերժ Սարգսյանը պատերազմ վարել, հետ մղել ադրբեջանական հարձակումն ու անցնել հակահարձակման։ Խոսքս ոչ միայն վերաբերում է մեր ունեցած ռեսուրսներին, այլ նաև Սարգսյանի ռազմական կոմպետենտությանը։

Տարածված միֆի համաձայն՝ Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ հաղթել է Ղարաբաղյան պատերազմում։ Համենայնդեպս պատերազմի մասին պետպատվերով նկարահանված ֆիլմերում ու ռեպորտաժներում ՀՀԿ ներկայիս ղեկավարը ներկայացվում է որպես գլխավոր ֆիգուր։ Իրականությունը, սակայն, այլ է, և այդ մասին կարելի է համոզվել Սարգսյանի կենսագրությունն ուշադիր կարդալով, կամ հիշողությունը մի փոքր լարելով, կամ էլ ականատեսների հետ զրուցելով։

Այո՛, Սերժ Սարգսյանն իր մասնակցությունն է ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմում և իր անուրանալի դերը կատարել, բայց մեղմ ասած՝ չափազանցված են այն պնդումները, թե նա եղել է գլխավոր ֆիգուրը պաշտպանության ապահովման և հաղթանակների կերտման գործում։ Հերիք է միայն նշել, որ 1993–ի ամառվանից Սարգսյանը ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Հայաստանում չի եղել (պատերազմն ավարտվել է 1994–ի մայիսին)։ Իսկ դա այն շրջանն էր, երբ մերոնք պետք է նախ դիրքերն ամրացնեին ու հնարավորություն ստեղծեին հակահարձակման համար։ Այդ օրերին նա մեկնեց Մոսկվա, ապա մի քանի ամիս անց, Վազգեն Սարգսյանի գործուն միջամտությամբ և Լևոն Տեր–Պետրոսյանի կամքով, վերադարձավ ու նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար։

Տեղեկացնենք, որ Սարգսյանը Ղարաբաղում եղած ժամանակ պաշտոնական Երևանի ներկայացուցիչն էր (Սերժ Սարգսյանին Ղարաբաղում «ՀՀՇ–ի Սերժիկ» էին ասում) և դե ֆակտո հանդիսանում էր բանակի նյութատեխնիկական մատակարարման պատասխանատուն։

Ճիշտ է, կոնկրետ փաստեր չկան, բայց շատերի պնդմամբ՝ կապիտալի նախնական կուտակումը Սարգսյանը այդ փուլում իրականացրեց։ Դա, բնականաբար, չէր կարող դուր գալ բուն ռազմական գործողությունների մեջ ներգրավված շրջանակներին, և դա էր պատճառը, որ Սարգսյանը հայտնվեց Մոսկվայում ու սկսեց այնտեղից զբաղվել բանակի մատակարարման հույժ կարևոր խնդիրներով («ատկատների» մասին Սարգսյանը, թերևս, այն տարիներից է պատկերացում կազմել)։

1993–ի սեպտեմբերից նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար՝ Սարգսյանը կրկին զբաղված էր մատակարարման խնդիրներով։ Այսինքն՝ բուն ռազմական գործողությունների օպերատիվ պլանի մշակումներին չի մասնակցել։

Պատերազմի ավարտից հետո միակ բանը, որ հաջողվել է Սարգսյանին իրականացնել բանակում, կոռուպցիոն համակարգի ներդրումն էր, ինչը հատկապես զգացնել տվեց երկրորդ անգամ (2000թ. մայիսին) Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ Ուշագրավ է, որ թե՛ ՍՍՀՄ տարիներին, թե՛ անկախության ամբողջ շրջանում բացառապես պետական պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից։ Նա այժմ երկրի թիվ մեկ օլիգարխն է։

1999թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի կշիռը ներքին կյանքում բարձրացավ, ու նա ստացավ դե ֆակտո երկրորդ մարդու կարգավիճակ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ կատարելով գորշ կարդինալի ֆունկցիա։

Սարգսյանի գործուն միջամտությամբ կրիմինալ և օլիգարխիկ կոչված շրջանակները ավելացրին իրենց կշիռը քաղաքական ու տնտեսական կյանքում։ Այդ շրջանակների շնորհիվ նրան հաջողվեց նախ հսկիչ փաթեթ վերցնել խորհրդարանում (2007թ.), ապա նախագահ ինքնահռչակվել 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում։

Հետագայում Սարգսյանն արդեն «քցեց», ավելի ճիշտ՝ փորձում է «քցել» իրեն իշխանության բերած մարդկանց և վերարտադրության գործընթացն ապահովել պետական ընտրակեղծիքների մեքենայի, մասնավորապես՝ ոստիկանական համակարգի միջոցով։ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրությունների տոկոսները առավելապես պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ «խփվեցին», ինչի մասին ակամայից խոստովանեց նաև Սարգսյանը՝ ինքնաասուլիսի ժամանակ։

Ահա այսպիսին է Սերժ Սարգսյանի հետագիծը։ Կկարողանա՞ այդ մարդը, ով գրեթե զրոյական հանրային լեգիտիմություն ունի և ընդունված չէ նաև պետական կառավարման ապարատի մեծ մասի կողմից, պատասխանել ադրբեջանական սպասվող ագրեսիային։ Հարցադրումն ամենևին էլ հռետորական չէ։ Մտածել է պետք։ Հետո ուշ կլինի։

Կարեն Հակոբջանյան

Լուսանկարը վերցված է՝ http://www.facebook.com/photo.php?fbid=502992456406876&set=pb.100000883790427.-2207520000.1362435339&type=3&theater

Այս խորագրի վերջին նյութերը