Լրահոս

14.07.2009 11:34


Վահան Շիրխանյան. «Որևէ կոնկրետ փաստաթուղթ, կարծում եմ, որ չի լինելու»

-Մադրիդյան սկզբունքները բացարձակ հակահայկական են, հակաարցախյան և հակահայաստանյան։ Ես ուզում եմ, որ դրանք հիմնովին բացառվեն,- «7օր»-ին ասել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից դեռ վաղուց պետք ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը.

-Իհարկե, ԼՂՀ-ն անկախ պետություն է, ապացուցել է, որ ինքը կարողացել է կայացնել պետություն, ընդ որում՝ պետություն, որն իր ներքին կարգուկանոնով, օրինականությունով, մաքրությունով մի կարգ բարձր է աշխարհի տարբեր երկրներից, և, իհարկե նրա անկախությունը պետք է ճանաչվի։

Նա նաև նշել է, որ 1998թ.-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի դուրս մղվելը բանակցային գործընթացից անբնական էր, քանի որ այդ բանակցություններում ամենաբնական ձևաչափը ԼՂՀ-Ադրբեջանն է՝ առանց Հայաստանի մասնակցության։ Հայաստան-Ադրբեջան առանձին բանակցային ձևաչափը, նրա կարծիքով, պետք է լինի երկու երկրների միջև եղած խնդիրների համար, որոնք կապ չունեն Արցախի հետ.

-Հայաստանը և Ադրբեջանն ունեն քննարկման բազմաթիվ նյութեր՝ կապված 1988թ.-ից մինչև այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Մասնավորապես, հայ փախստականներն են Ադրբեջանից, Հայաստան եկող բռնագրավված բեռներն են 1989-91թթ.-ին, սահմանային խնդիրներն են Նախիջևանի հետ, ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքներն են և այլն։

Ինչ վերաբերում է «Կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք՝ Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ» հարցին, ապա Վահան Շիրխանյանը պատասխանել է, որ իր կարծիքով՝ կլինի ինչ-որ մի արձանագրություն, որը կողջունի բանակցությունների նախորդ փուլը և կարձանագրի, որ բանակցությունները շարունակելու են մինչև վերջնական կարգավորումը՝ մադրիդյան սկզբունքների շրջանակներում։

-Որևէ կոնկրետ փաստաթուղթ, որը կասի, թե մեկ շաբաթում կամ մեկ ամսում դուրս բերեք զինուժը, սկսեք փախստականների վերադարձ, կարծում եմ, որ չի լինելու,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը