Լրահոս

12.07.2013 20:37


ԻԱԿ-ը խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները

ԻԱԿ-ը խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները

2001թ. ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սև ցուցակ, որում հայտնվում են տեղեկություն տնօրինող այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները: Նախկինում անպատասխան մնացած հարցումների ցուցանիշը տատանվում էր 30-36 տոկոսի շրջանակներում։ Այսօր արդեն, երբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է շուրջ 10 տարի, ԻԱԿ-ի բազմաթիվ ուսուցումների, նախաձեռնած բազմաթիվ դատական գործերի, կազմակերպած հանրային իրազեկման քարոզարշավների արդյունքում այդ ցուցանիշն էականորեն բարելավվել է. 2012թ. ԻԱԿ-ի` անպատասխան մնացած հարցումների թիվը 2 անգամ կրճատվել է` նախորդ տարիների 35%-ի փոխարեն կազմելով 15.6%:

Անպատասխան մնացող հարցումների թվի կրճատման մասին է խոսում նաև ԻԱԿ-ի Սև ցուցակում հայտնված պաշտոնյաների թիվը. 2001թ. ԻԱԿ-ի Սև ցուցակում հայտնվել էր 40 պաշտոնյա, 2007-ին` 47 պաշտոնյա, 2011-2012թթ. Սև ցուցակում հայտնվածների թիվը համեմատաբար քիչ էր` 12 և 15 պաշտոնյա համապատասխանաբար: 2013թ. 1-ին և 2-րդ եռամսյակների Սև ցուցակներում արդեն հայտնվել է ընդամենը 1-ական պաշտոնյա:

Սա նշանակում է, որ խնդիր է առաջացել նաև վերանայել ԻԱԿ Սև ցուցակի հիմնական չափորոշիչները, քանի որ հիմնականում տեղեկություն ստանալու հարցումներին այս կամ այն կերպ պատասխան տրվում է։

Լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողում տեղեկատվություն ստանալու հարցումը: Այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան:

Այս ամենը հաշվի առնելով` ԻԱԿ-ը 2013թ. հուլիսի 1-ից խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները. 2013թ. 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում արդեն կհայտնվեն ոչ միայն ՏԱ հարցումներին չպատասխանած, այլ նաև տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժած կամ ՏԱ մասին օրենքով սահմանած 5-օրյա ժամկետը խախտած պաշտոնյաները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը