Լրահոս

13.07.2013 11:26


Քննարկվել են հայ-մոլդովական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-մոլդովական համագործակցության հեռանկարները

Հուլիսի 12-ին Քիշնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:

Նախարարները անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:

Նախարարներ Նալբանդյանը և Գերմանը այցելեցին նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցան Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Նախարար Գերմանը իր հերթին բարձր գնահատեց արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակեցին դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Այս խորագրի վերջին նյութերը