Մեկնաբանություն

15.07.2013 10:35


Հայաստանի եվրոպացի (խոպանչի) «բարեկամները»

Հայաստանի եվրոպացի (խոպանչի) «բարեկամները»

Հայաստանի անկախության ու անվտանգության հաշվին խոպանչիություն անողները, օգտվելով Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունից», ավելի են լկտիացել և արդեն բաց տեքստով են թուրք–ադրբեջանական զույգի լոբբինգով զբաղվում։

Մասնավորապես՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» անունը կրող կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քամբեքն իր երևանյան «գաստրոլների» ժամանակ հայտարարել է, թե շատ շուտով Ալիևի կանխատեսումները Հայաստանի թուլացման մասով մասով կարող են իրականություն դառնալ և Հայաստանը կարող է կործանվել։

«Եվրոպայի հերթական պատերազմը, որից կարելի է խուսափել. Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ Քամբեքը նշել է, թե քանի որ Հայաստանից արտագաղթ կա ու տնտեսությունն անկում է ապրում, ուստի երբ Ադրբեջանը բավականաչափ հզոր լինի, Ղարաբաղյան հարցը կլուծվի կա՛մ ռազմական եղանակով, կա՛մ գործարքի, որին Հայաստանը ստիպված կլինի գնալու: Նա զգուշացրել է, որ եթե ԵՄ հետ ասոցացման գործընթացը տապալվի, ինչպես եւ բարեփոխումները, եթե երկիրը շարունակեն լքել մարդիկ եւ ազատ տնտեսական մրցակցություն չլինի, Իլհամ Ալիեւի երազանքը կկատարվի և Հայաստանը կպարտվի։ Այս խոսքերից հետո Քամբեքը շտապել է իր բարեկաման խոսքն ասել. «Բայց մենք կարող ենք Հայաստանը փրկել կործանումից»: Ահա այսպես։

Սա այն նույն Քամբեքն է, ով արմենաշոտյանների ու մյուսների հետ համատեղ զբաղված էր Սերժ Սարգսյանի քարոզչությամբ։

Տեղին է հիշեցնելը, որ ըստ «Նուվել դ`Արմենի» ֆրանսիական պարբերականի՝ 2006թ. Սերժ Սարգսյանը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան «Burson-Marsteller» PR–ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար:

Ավելացնենք նաև, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներն» այն կազմակերպությունն է, որը վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ ադիբեկյանություն էր անում և «սոցիոլոգիական հարցումների» միջոցով Սերժ Սարգսյանի համար բարձր տոկոսներ «խփում»։ Այսինքն՝ այդ կազմակերպությունն զբաղված էր ընտրակեղծիքների ֆոնի ապահովմամբ՝ հանդես գալով Հայաստանի բարեկամի դիմակի տակ։

Փաստորեն, իշխանության երիտթևի հետ համագործակցող և Սերժի PR–ի վրա փողեր պտտեցնող Քամբեքն իր մասով ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում ապաշնորհ իշխանություն ձևավորվի ու վերարտադրվի։ Ու հիմա էլ նա ցինիկաբար հայտարարում է, թե ձեր վիճակը լավ չէ, և մենք կարող ենք Հայաստանը փրկել կործանումից։ Ով ով, բայց այս ժուլիկ խոպանչիներն իրավունք չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ դատողություններ անել ու մեզ դասեր տալ։

Ի՞նչ է, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ներկայացող քամբեքները չէի՞ն տեսնում, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի կառավարման շրջանում Հայաստանը գնում է Ալիևի ուզած ուղղությամբ։ Իհա՛րկե տեսնում էին, բայց քանի որ փող էին աշխատում, իրենց էշի տեղ էին դնում։ Իսկ այժմ նրանք բարեկամի դիմակ հագած փաստացի կոչ են անում Ղարաբաղի կորստի գնով փրկել Հայաստանը կործանումից։

Աստված հեռու պահի մեզ նման «բարեկամներից», իսկ թշնամիների հարցերն ինքներս կլուծենք։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը