Մեկնաբանություն

16.07.2013 10:45


Ի՞նչ արժե Սերժ Սարգսյանի խոսքը (տեսանյութ)

Ի՞նչ արժե Սերժ Սարգսյանի խոսքը (տեսանյութ)

Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իր խոսքին արժեք չի տալիս։ Նրա համար իր իսկ հայտնած մտքերն ու բարձրաձայնած խոսքերը ոչինչ չեն նշանակում։

Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր Սերժ Սարգսյանի կամ իր գլխավորած կառավարության անդամներից որևէ մեկի հայտարարությունները հիմք են ընդունում` երկարաժամկետ կտրվածքով վերլուծություններ անելու կամ մեր երկրի քաղաքական գծի մասին պատկերացում կազմելու համար։

Ինչպե՞ս կարելի է հիմք ընդունել այդ հայտարարությունները, եթե ասում են մի բան, բայց ստացվում է այլ բան։

Այսպես, Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը Թուրքիա կգնա միայն բաց սահմանների դեպքում կամ եթե մենք լինենք սահմանների բացման նախաշեմին։ Սահմանները բաց չէին, ու մենք դրա նախաշեմին չէինք, բայց նա մեկնեց Թուրքիա ու դեռ մի բան էլ տարօրինակ կերպով արձագանքեց մեր ֆուտբոլի հավաքականի ընդունած գոլին։

Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց հետո ընդունեց, որ նախապայմաններ կան ու սկսեց «հայրենասիրություն» խաղալ։

Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը ձեռքը խփեց սեղանին ու հայտարարեց, որ դժգոհ է Տիգրան Սարգսյանից, քանզի չորս տարի շարունակ գնումների ոլորտում սայլը տեղից չի շարժվում, կան «ատկատներ», կան ձևական «տենդերներ» և այլն։

«Գլխից պետք է բռնել կոռուպցիոներներին»,– հայտարարեց Սարգսյանը։

Վերջերս, սակայն, պարզվեց, որ նույն Սարգսյանը շատ գոհ է կառավարության գործունեությունից, «ատկատներ» չի տեսնում և խիստ զայրացած է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումների կապակցությամբ։

Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած Սարգսյանը չի տեսնում կամ ավելի ճիշտ՝ չտեսնելու է տալիս նաև օֆշորային սկանդալը և ատամներով պահում է իր ազգանվանակից վարչապետին։ Եթե Սերժ Սարգսյանը, իրոք, ուզենար պայքար մղել կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման երևույթների դեմ, ապա Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալից հետո, որպես իր հայտարարությունների ու վճռականության ցուցադրություն, պետք է հանձնարարեր դատախազությանը կամ գոնե չխանգարեր իրավապահներին վարչապետի դեմ քրեական գործ հարուցել՝ փողերի լվացման ու ֆինանսական մեքենայությունների համար։ Սակայն մենք ականատեսն ենք դառնում ճիշտ հակառակ երևույթին։

Սերժ Սարգսյանը մարտի 18–ին կայացած իր փակ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանք են ու սուտ, բայց մեկ ամիս հետո իմացանք, որ ոչ միայն հերյուրանք չեն, այլև դառը ու թանկ ճշմարտություն։ Ավելին, պարզվեց, որ գազի թանկացման մասին պայմանագիրը ստորագրվել էր ապրիլի 1-ին, պարզապես ընտրական գործընթացների պատճառով թաքցրել էին այդ լուրը:

Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, չի էլ հասկանում, որ իր մանր ստերով վնաս է հասցնում պետությանն ու պետակական ապարատին, քանզի նախագահի խոսքն արժեզրկվում է:

Սերժ Սարգսյանի նմանատիպ պահվածքի պատճառով պետական կառույցներում աշխատող ամենափոքր պաշտոնյայից մինչև ամենամեծը նրա բոլոր հայտարարություններին ու խոստումներին հումորով են վերաբերվում և անեկդոտների են վերածում նախագահականում կամ կառավարության շենքում հնչեցված մտքերն ու հանձնարարականները, իսկ միջին վիճակագրական քաղաքացին այլևս չի հավատում պետական պաշտոնյաների խոսքերին, քանզի տեսնում է, որ նախագահի մակարդակով ստում են։

Հենց այդ ստերի պատճառով է, որ այսօր շատ քաղաքացիներ, վստահություն չունենալով վաղվա օրվա նկատմամբ, նախընտրում են լքել Հայաստանը: Ինչպես կարելի է վստահել մի երկրի իշխանության, որի հայտարարություններն ու ստերը օճառե պղպջակների նման 1-2 ամիս կամ նույնիսկ 1-2 օր անց միանգամից պայթում են: Մի խոսքով՝ պետական կառավարման համակարգում ստի համաճարակ է։

Սերժ Սարգսյանի ստերը Հայաստանին թուլացնում են նաև արտաքին դաշտում։ Դա է պատճառը, որ մեր գործընկերները դնում են «կամ–կամ»–ի խնդիր։ Սա հարվածում է Սերժ Սարգսյանին, բայց նախևառաջ հարվածում է մեր պետությանը։ Ուստի Սերժ Սարգսյանից ազատվելը ոչ թե ու ոչ այնքան իշխանափոխության և զարգացման հնարավորություն ստանալու, որքան պետական անվտանգություն ապահովելու խնդիր է:

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը