Լրահոս

16.07.2013 17:29


Սերժ Սարգսյանը ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության նորաբաց վարչական մասնաշենքում հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ

Սերժ Սարգսյանը ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության նորաբաց վարչական մասնաշենքում հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման և առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը զեկուցել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մասին զեկուցել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել զեկուցված աշխատանքների վերաբերյալ, խոսել է նաև ՊԵԿ աշխատանքում ընդհանուր նպատակադրումների մասին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա:

Նախագահը կարևորել է, անկախ դժվարություններից, ծրագրված լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ ՊԵԿ-ի հետևողական աշխատանքը, պետական բյուջեի մասին օրենքով կոմիտեի վրա դրված նպատակային ցուցանիշների ապահովումը և մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց:

«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Մենք անցյալ անգամ խոսեցինք և այցի ընթացքում ես տեսա, թե ինչպիսի կրթական, վերապատրաստման հնարավորություններ ունեք: Այդ հնարավորություններից օգտվողների թիվն անպայման պետք է ավելացնենք՝ հասնենք մինչև շարքային տեսուչ: Չափազանց կարևոր է, որպեսզի պատրաստվածության աստիճանը, որ ես արդեն տեսնում եմ ղեկավար անձնակազմի մոտ, առկա լինի նաև միջին և ցածր օղակներում: Սա չափազանց կարևոր է, միգուցե, ավելի կարևոր, քան ավելի բարձր պաշտոններում աշխատողների պարագայում, որովհետև մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, հարկատուների և ընդհանրապես, բոլորի հետ, ովքեր հատում են ՀՀ սահմանը, շփվում են շարքային տեսուչները՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի ներկայացնում են մեր պետությունը»,-նշել է Նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, վերաբերմունք են ձևավորում մեր պետական կառույցների նկատմամբ:

Կրկին ընդգծելով բարեփոխումները մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը:

«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ»,-ասել է Նախագահը և խորհրդակցության ավարտին հույս հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն անդրադարձ կլինի այսօր ներկայացված ծրագրերի հաջող ընթացքին: ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Այս խորագրի վերջին նյութերը