Լրահոս

22.07.2013 11:01


«Հայազնը» բողոքի գործողություն կիրականացնի

«Հայազնը» բողոքի գործողություն կիրականացնի

Երևանի քաղաքապետարանի որոշումը` ուղևորափոխադրումը թանկացնելու մասին, բացարձակ անհիմն է:
«Հայազն» կուսակցությունը հուլիսի 23-ին, ժամը 16.00 հրավիրում է բողոքի ակցիայի՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց,որի ընթացքում կտրվի նամակ՝ պահանջագիր,որից հետո երթով կշարժվենք դեպի կառավարություն:

Պահանջագիրը ստորև՝

Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:

Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում:

«Հայազն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը