Լրահոս

22.07.2013 11:42


«Միտք» վերլուծական կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

«Միտք» վերլուծական կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

««Միտք» վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (հիմնադրված 2005 թ.) հանգամանքների բերումով դադարեցնում է իր գործունեությունը: Կազմակերպության նախագահ Էդուարդ Աբրահամյանը տնտեսական գործունեության և ուսման նպատակներով անորոշ ժամկետով մեկնում է արտերկիր, իսկ կազմակերպության անդամներն անցնում են այլ աշխատանքների` յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության կամ որոշման:

Լինելով ՀՀ հասարակական և երիտդաշտի ամենաակտիվ կազմակերպություններից մեկը, “Միտք” վերլուծական կենտրոնն իր գործունեության շուրջ 8 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, որոնք միտված են եղել ինչպես Կովկասի և Այսրկովկասի, այնպես էլ լայն իմաստով տարածաշրջանի մի շարք կնճռոտ խնդիրների ուսումնասիրմանը, վերհանմանն ու լուծման ուղիների մշակմանը: Կազմակերպությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահել ներկա Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում ապրող բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրները, իր գործունեությամբ տեղական և միջազգային հանրությունների ուշադրությունը մշտապես սևեռել նշյալ ժողովուրդներին հուզող հիմնահարցերի վրա: Այդպիսի միջոցառումներից առանձնահատուկը դա Աղվանքին նվիրված խորհրդաժողովն էր, կազմակերպված Երևանում` 2007 թ. սեպտեմբերին, որին մասնակցեցին նշանավոր գիտնականներ ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից և Ադրբեջանից: Նույն թվականին “Միտք” վերլուծական կենտրոնը “Արիա” Միջազգային համալսարանի հետ համատեղ հրատարակել է “Очерки по истории и культуре талышского народа, Выпуск I” գիտական ժողովածուն:

«Միտք» վերլուծական կենտրոնն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել նաև Ջավախքի հիմնահարցին: Իրականացվել են մի շարք ծրագրեր` կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, հանդիպումներ, մամլո ասուլիսներ, հրատարակություններ, ֆիլմի նկարահանում, գրքերի շնորհանդեսներ և այլն, որոնց միջոցով փորձ է արվել և’ արձագանքել Ջավախքում տեղի ունեցող ոչ հայանպաստ գործընթացներին (այս պատճառով կենտրոնի անդամներից ոմանք վրացական իշխանությունների կողմից կրել են բազմաթիվ ու բազմապիսի հալածանքներ), և’ մասսայականացնել Ջավախքի հիմնահարցը` վերջինիս լուծման գործին ներգրավելով հասարակության ամենատարբեր շրջանակներին. կազմակերպության հիմնական նպատակը եղել է Ջավախքի հիմնահարցը բերել հիմնավորապես մշակված հայեցակարգային հողի վրա, հայեցակարգ, որի բացակայությունը մեծապես վնասել է նշյալ խնդրի կարգավորմանը: Ցավոք, իր գործունեության ակտիվ շրջանում կազմակերպությանը տարբեր պատճառներով չհաջողվեց տեսնել նշյալ հայեցակարգի վերջնական ձևավորումն ու հաստատումը, սակայն այդ ուղղությամբ սկսված գործընթացի մեջ իր համեստ լուման ունի նաև “Միտք” կազմակերպությունը: Ջավախքին նվիրված հրատարակությունները ևս միտված են եղել վերոնշյալ նպատակի իրագործմանը. “Միտք” վերլուծական կենտրոնը կազմել և հրատարակել է Հայոց հյուսիսային դարպասներին` Ջավախքին և Լոռուն նվիրված մի շարք գրքեր, որոնք իրենց մեջ ներառում են Հայկական լեռնաշխարհի նշյալ վայրերի պատմությանն ու ժողովրդագրությանը, մշակույթին ու տնտեսությանը, բանահյուսությանն ու արվեստին, լուսավորությանը, մամուլին ու գրատպությանը, հայ-վրացական սահմանային ու սահմանագծման հարցերին վերաբերող մի շարք հոդվածներ, արխիվային նյութեր, տարբեր տարիներին հրատարակված, այժմ քիչ հասանելի գրքույկներ ու հոդվածներ, առանձին մարդկանց տպագրված ու անտիպ գործեր և այլն: Կենտրոնն այդ շրջանակներում 2009 թ. հիմնադրել և հրատակում էր նաև “Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի” մատենաշարը (մինչ այժմ հրատարակել է թվով 9 հատոր): Բացի այդ, հրատարկվել են նաև ջավախքյան գրականությանը, բանահյուսությանը, քաղաքական կյանքին, հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք առանձին գրքեր ու գրքույկներ (Վ. Սարգսյան, Ջավախքը 1988-2008 թթ. (հոդվածների ժողովածու), Ե., 2009, В. Саркисян, Джавахк в 1988-2008 гг. (сборник статей), Е., 2009, Ա. Ջամալեան, Հայ-վրացական կնճիռը, կազմող, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` պ.գ.թ. Խ. Ստեփանյան, Ե., 2011, Ջավախքի հիմնահարցի մատենագիտություն (ի սկզբանե մինչ 2012 թ. սկիզբը), կազմող` պ.գ.թ. Վ. Սարգսյան, Ե., 2012, Ջավախքի ժողովրդական հեքիաթներ, կազմողներ` պ.գ.թ. Վ. Սարգսյան, պ.գ.թ. Է. Աբրահամյան, Ե., 2012, Ջավախքի ժողովրդական հեքիաթներ և զրույցներ, կազմողներ` պ.գ.թ. Վ. Սարգսյան, պ.գ.թ. Է. Աբրահամյան, Ե., 2012), իսկ 2009 թ. կենտրոնը նկարահանել և հանրության ուշադրությանն է ներկայացրել Ջավախքի հիմնահարցը լուսաբանող փաստավավերագրական “Վահե” ֆիլմը:

“Միտք” վերլուծական կենտրոնի և հայտնի գիտնականների հետ համագործակցության արդյունքում կենտրոնը 2011 թ. հրատարակեց պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մելքոնյանի հեղինակած “Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր” գիտական հոդվածների ժողովածուն:

“Միտք” վերլուծական կենտրոնն անտարբեր չի գտնվել նաև ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների, հայ երիտասարդությանը հուզող խնդիրների նկատմամբ: Այդ ուղղություններով ևս իրականացվել են մի շարք նախագծեր, հրատարակվել են երիտասարդ գիտնականների մի շարք գրքեր (Վ. Միրաքյան, “Ագրեսիվ հեռուստատեսության” հետևանքները, Ե., 2012): Կենտրոնը պարբերաբար իրականացրել է նաև լրագրողական վերապատրաստման եռամսյա դասընթացներ, որի ընթացքում վերապատրաստվել, ազգային-ռազմավարական և այլ բնույթի մի շարք խնդիրներին ավելի մոտիկից են տեղեկացվել հարյուրավոր լրագրողներ, ուսանողներ ու երիտասարդներ. հաշվի առնելով ակն հանգամանքը, որ ապազգային համոզմունքները, ազգային հիմնահարցերի նկատմամբ անտարբերությունը, անսկզբունքայնությունը, քծնողական տրամադրությունները և այլ չարիքներ մեծացնում են իրենց ազդեցությունը, կազմակերպությունն իր գործունեությամբ ձգտել է դաստիարակել պատվախնդիր, գաղափարական, հայրենանվեր ու համազգային խնդիրներին հետամուտ երիտասարդություն:

“Միտք” վերլուծական կենտրոնի աշխատակիցները լրագրողների առջև մշտապես բարձրացրել են հայությանը հուզող բազմաթիվ հիմնահարցեր, առաջարկել լուծման ուղիներ:

Չնայած քաղաքական ոչ այնքան բարենպաստ պայմաններին, “Միտք” վերլուծական կենտրոնն իր գոյության ոչ երկարատև ժամանակահատվածում հասցրեց ստեղծել ազգանվեր գաղափարներ, ստեղծել արժեհամակարգ, այդպիսով` իր հետևից թողնելով լուսավոր հետագիծ, մի ճանապարհ, որով դեռ կանցնեն հայ ազգի ճակատագրով մտահոգ շատ մարդիկ:

Հարգանքներով` «Միտք» վերլուծական կենտրոնի աշխատակազմ

Նախագահ` Էդուարդ Աբրահամյան

Տնօրեն` Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը