Լրահոս

30.07.2013 12:00


Լալա Մնացականյան.

Լալա Մնացականյան.

Հարցազրույց դերասանուհի Լալա Մնացականյանի հետ

–Տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո հանրությանը հայտնի մի շարք մարդկանց հետ Դուք ևս մասնակցեցիք «Չենք վճարելու 150 դրամ» շարժմանը։ Այսօր արդեն քաղաքապետարանը կասեցրել է իր իսկ որոշումը։ Չե՞ք կարծում, որ դրանով չպետք է բավարարվել, Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը պետք է առաջ քաշել։

–Ո՛չ, Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը ես չեմ գտնում, որ պետք է բարձրացվի։ Այստեղ հարցը Տարոն Մարգարյանը չէ։

–Ո՞րն է։

–Դա շատ ավելի քաղաքական հարց է, ես չեմ կարող խորանալ և ճիշտ գնահատական տալ, բայց ես Տարոն Մարգարյանի հրաժարականը, ամեն դեպքում, այս հարցում չեմ տեսնում։ Մինչ այդ ինքն աշխատել է նորմալ, և տրանսպորտի այս ուղեվարձի գնի բարձրացման հարցը Տարոն Մարգարյանը չէ, որ որոշում է։

–Իսկ ո՞վ է որոշում։

–Այ դա արդեն պետք է նստել, խոսել, հասկանալ։ Առանց ղեկավարության՝ Տարոն Մարգարյանը ոչ մի բան ինքնագլուխ չի որոշում։ Դա դուք էլ գիտեք ինձնից լավ։

–Հետևաբար, կարծում եք, որ պետք է դրվի Սերժ Սարգսյանի՛ հրաժականի հարցը։

–Էդ արդեն... հիմա դուք... էլի... կրկնում եմ, դուք էնպիսի հարցեր եք տալիս, որը բերում է շատ ավելի կտրուկ որոշումների։ Ես շատ ավելի կողմնակից եմ, որ հարցերը դրվեն այնպես, որպեսզի կառավարությունն ի նպաստ և ի օգուտ ժողովրդի սկսի ծառայել։ Հրաժարականի հարց դնել պետք է, եթե ես ունեմ ալտերնատիվ մեկին՝ բերելու ա՛յս պահին, ա՛յս վայրկյանին։ Իսկ եթե չունեմ, հակառակը՝ պետք է անենք այնպես, որ կայացրած այն որոշումները, որոնց ժողովուրդը դեմ է, դնենք ղեկավարության առաջ, և նրանք փոխեն ի բարօրություն ժողովրդի։ Թե չէ, էսպես կռվով մենք հաստատ ոչնչի չենք հասնի։ Սրա հրաժարական, նրա հրաժարական...իսկ ինչո՞ւ չստիպել մարդկանց աշխատել ավելի լավ, և անել այնպես, որ ժողովուրդը սկսի լավ ապրել։ Ի՞նչ գիտեք, որ եթե մենք ինչ–որ մեկին փոխարինենք ինչ–որ մեկով, նա չի անի նույնը։

–Դե, փաստորեն, փորձը ցույց տվեց, որ չի կարողանում աշխատել լավ և ինքնուրույն չէ, ինչը Դուք էլ նշեցիք։

–Իսկ ես ձեզ ասեմ հակառակը՝ փորձը ցույց տվեց, որ ժողովրդի ձայնը նրանք լսեցին, ուրեմն պետք է գնալ առաջ և դնել պահանջներ, ասել՝ էս մի հարցն էսպես կարելի է վերանայել։ Մենք կարողացանք ինչ–որ բանի հասնել, և մարդիկ իրենց որոշումը վերանայեցին։ Փոխանակ մենք սա ընդունենք որպես հաղթանակ, որ մենք կարո՛ղ ենք էլի որոշումներ պարտադրել, մենք սկսում ենք գնալ լրիվ հակամարտության, քաղաքական պայքարը սրելու ճանապարհով, որը ոչինչ հիմա չի տա։

–Այդ դեպքում Տարոն Մարգարյանը նստացույց անողների պահանջներին ինչո՞ւ չի անսում և պաշտոնանկ չի անում նրանց պահանջած պաշտոնյաներին։ Չէ՞ որ ասում եք՝ լսում է ժողովրդի ձայնը։

Գիտեք ինչ...էդտեղ...ես չեմ կարող դրան պատասխանել, ես չեմ կարող իմանալ, թե էդտեղ ինչ քաղաքական խաղեր են գնում։ Ես հիմա...դրա...դուք ինձ հարց եք տալիս, որտեղ ես կոմպետենտ չեմ, ես չեմ կարող դրան պատասխանել։ Բայց եթե էսպես շարունակվի, և մենք աչքը սարքելու տեղ ունքն էլ տանք հանենք, ես կարծում եմ՝ ձեր ասածն այն է, որ ամբողջ ժողովուրդը ելնի և հեղափոխություն անի։ Դրանից միայն ժողուրդն է տուժելու։ Աղքատն ավելի է աղքատանալու, ով էլ չի փախել, փախչելու է։ Փոխանակ գնանք ավելի խելացի որոշումների, փոխանակ կարողանանք մենք մեր պահանջները ներկայացնել և ստիպել, որ նրանք ի նպաստ մեզ ծառայեն, մենք հիմա շատ պայթյունավտանգ բաներ ենք անում։ Անձամբ ես, դեմ լինելով բոլոր կուսակցություններին, գտնում եմ՝ չի՛ կարելի հիմա պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։ Հակառակը՝ հարցը դնենք, և ստիպենք, որ նրանք անեն ժողովրդի ուզած ձևով։

–Ի՞նչ ճանապարհով։

–Չէ՞ որ կան բանակցություններ, երկխոսություն։ Ի վերջո, կարող ենք քննարկել։ Մի անգամ մարդիկ ընդառաջեցին, հիմա էլ երկրորդն ենք փորձում։ Իսկ դուք երկրորդը նայեք՝ ինչ եք առաջարկում՝ արե՞լ ես սա, հա՞, լա՛վ ես արել, դե հիմա արի ես քեզ հանեմ։ Ախր մի քիչ ավելի հեռուն պետք է մտածել, ավելի հանդուրժող լինել և կարողանալ ընդհանուրի գալ։ Եթե կա մի մարդ, ով կկասեցնի արտագաղթը և աղքատությունը, ես նրա կողքին կկանգնեմ, բայց ո՞վ կա հիմա։

–Անկախ նրանից՝ Տարոն Մարգարյանն է, թե ՀՀ մեկ այլ քաղաքացի, եթե օրենք է խախտել, չպե՞տք է պատժվի, հանդուրժե՞նք, հեռո՞ւն մտածենք։

–Օրենքը խախտելու դեպքում առաջին հերթին պետք է պատժվի այն մարդը, ով հենց այս օրենքի պատասխանատուն է։ Այ այդ ժամանակ երկիրը կկայանա։

–Ուղեվարձի թանկացման որոշմամբ Տարոն Մարգարյանն օրենք չի՞ խախտել։

–Վայ, կներեք, մինչև Տարոն Մարգարյանը հասնելն էնքան մեծ օրենքի խախտումներ են գնացել։ Փոխանակ քայլ առ քայլ մենք հասկանանք՝ ինչ է կատարվում... Eս ձեզ ասեմ, Տարոն Մարգարյանը երևի մեջներից իր բարոյական կերպարով ամենակարգինն է։ Իմիջիայլոց, թիրախն ուղղել են հենց Տարոն Մարգարյանի դեմ։ Բոլորն անձնավորում են, անձի դեմ են դուրս գալիս, չի՛ կարելի։ Դրա համար էլ և՛ պայքարողները, և՛ չպայքարողները հայտնվել են նույն կաթսայի մեջ։

–Օրենքի ամենամեծ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Նրա փոփոխությամբ համակարգը չի՞ փոխվի։

–Գիտեք ինչ, համակարգը չի փոխվում մարդով։ Մեր երկրում օրենքի գերակայություն գոյություն չունի։ Ով էլ գա, օրենքն ի շահ իրեն է օգտագործելու։ Ժողովուրդը մի անունը փոխում է մի ուրիշ անունով։

–Լավ, եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին էլ եք դեմ, այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում։

–Ես, գիտեք ինչ, քաղաքագետ չեմ, ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Պետք է խոսենք, զրուցենք, հասկանանք՝ ինչ են առաջարկում։ Օրենքի գերակայություն եմ առաջարկում։ Ես հավատում եմ, որ եթե դու ինձ տուգանում ես, դու կտուգանես նաև քո ղեկավար եղբորը կամ բարեկամին։ Ես չեմ հավատում օրենքին։ Սրա՛ համար է ժողովուդը վեր կացել։ Ժողովուրդը չի հավատում, որ օրենքի տառը պաշտպանվում է։ Եթե մենք որոշել ենք երկիրը փրկենք՝ դե՛մ դուրս գալով, մենք ոչնչի չենք հասնի։ Մենք կո՛ղմ ենք, որ մեր երկրում լինի արդարություն, և մենք պետք է իշխանություններին ստիպենք, որ մտածեն ժողովրդի մասին օրենքի գերակայության սահմաններում։ Եթե վաղը Սերժ Սարգսյանի փոխարեն գա մեկ ուրիշը, ինքը նույն օրենքն է խաղալու, և մենք ոչի՛նչ չենք ստանա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը